Այս գագաթնաժողովը բանականության մի փոքր տապան է. Արմեն Սարգսյան
Ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կազմակերպվող «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր միջոցառումն այս անգամ հյուրընկալվել է Հայաստանում և ստացել «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումը՝ մեկ հարկի տակ համախմբելով հայաստանցի և օտարերկրացի ավելի քան երկու հարյուր նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչների, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, գիտնականների, վերլուծաբանների, գործարարների ու ձեռնարկատերերի:
Գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու բացառիկ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ֆրանսիական Շամոնի քաղաքում ամեն տարի անցկացվող «Մտքերի գագաթնաժողովին»:
Գագաթաժողովի բացմանն այսօր նախագահ Արմեն Սարգսյանն իր ելույթում նշեց. «Մի բան աներկբայորեն հստակ է՝ մենք վատ ենք վարվում մեր բնության հետ։ Եթե նայենք աշխարհաքաղաքականությանը, ապա այստեղ էլ անորոշություն է տիրում։ Անորոշություններ կան Եվրոպայում, ԱՄՆ-ում և Միջին Արևելքում։ Աշխարհը հեղեղված է նոր գաղափարներով, սակայն միաժամանակ լայն տարածում են գտել պոպուլիզմն ու թյուրըմբռնումը։ Այս գագաթնաժողովը բանականության մի փոքր տապան է։ Նոյյան տապանը չէ, բայց հայկական տապանն է, որտեղ մարդիկ հավաքվել են և քննարկում են, թե ինչպես փրկել աշխարհը։ Շատ ուրախ եմ մոլորակի ապագայով մտահոգված այդ տապանը հենց Հայաստանում հանգրվանած տեսնել»։
Նա շնորհակալություն հայտնեց գագաթնաժողովի կազմակերպիչներին՝ այն Հայաստան բերելու համար , որի միջոցով Հայաստանն աշխարհի մասին ավելի շատ բան կիմանա, իսկ աշխարհն էլ՝ Հայաստանի։