ԱԻ նախարար. Մենք միայն կրակ մարող չենք
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Այցի նպատակն էր ծանոթանալ մարզային փրկարարական վարչության, Գավառի և Սևանի փրկարարական ջոկատների, Սևանա լճի հանգստյան գոտիներում և հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքներին: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից։
Գավառի ՀՓՋ այցից հետո ԱԻ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խորհրդակցություն են անցկացրել մարզպետարանի դահլիճում, որին մասնակցել են բնապահպանության փոխնախարար Ի. Ղափլանյանը, «Սևան» ազգային պարկի տնօրենի առաջին տեղակալ Ա. Հունանյանը, այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, ՄՓՎ-ի աշխատակիցներ և այլք:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սևանա լճի ավազանի հանրային մի շարք լողափերում ջրափրկարարական ուժեղացված ծառայության անցնելուն ու նոր հենակետերի ստեղծմանն առնչվող մի շարք հարցեր: Խնդրի կարևորությունն այն է, որ այս տարի անցկացվելիք համահայկական խաղերի առնչությամբ մարզը կընդունի շուրջ 4000 մարզիկներ և հյուրեր աշխարհի տարբեր երկրներից:
Ֆ. Ցոլակյանը նշել է, որ այս հանդիպման առանցքային նպատակն է հստակեցնել բոլոր շահառու կողմերի գործառույթները: Նախարարը հետաքրքրվել է, թե ինչպես են իրականացվում Գավառի, Մարտունու և Շորժայի հարակից լողափերի փրկարարական աշխատանքները: Նա ընդգծել է, որ հնարավոր ամեն եղանակով պետք է լուծվի այս գոտիներում հենակետերի ստեղծման հարցը՝ կլինի դա նոր հաստիքների համալրման, թե գործուղումների միջոցով: Նախարարը հանձնարարել է կրկնակի բարձրացնել ջրասուզակների աշխատավարձը, բացի այդ, մեծ ուշադրություն դարձնել առաջին բուժօգնության տրամադրման հնարավորություններին:
«Շատ կարևոր է գործին խղճով մոտենալը: Սրտանց և մարդկային պետք է կատարել փրկարարի աշխատանքը: Մենք միայն կրակ մարող չենք: Բնակչության պաշտպանությունը պետք է իրականացվի բոլոր առումներով ու համընդգրկուն», - ասել է նախարարը:
Նա հանձնարարել է նաև բնակչության շրջանում աշխատանքներ տանել հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ: Նախարարի խոսքով՝ հանգստյան գոտիներում պետք է լինեն տեղեկատու վահանակներ ու ցուցանակներ:
Այցելելով նաև Սևան քաղաքի N30 հատուկ ջրափրկարարական ջոկատ՝ ԱԻ նախարարը հանձնարարել է ձմռան սեզոնին մարզերում հենակետեր ծավալելու համար նախատեսված վագոն-տնակները տրամադրել ջրափրկարարական ջոկատին՝ ամառային սեզոնին Սևանի ավազանի տարբեր կողմերում հենակետեր ծավալելու համար: Ֆ. Ցոլակյանն ասել է, որ իր հանձնարարությամբ շատ շուտով կլուծվի նաև ջոկատի խմելու ջրի և սանհանգույցի խնդիրը:
Մարզային շրջայցի ընթացքում պարզ է դարձել, որ փրկարարական ջոկատներում առկա են բազում խնդիրներ, որոնք վերաբերում են շենք-շինություններին, դրանց տարրական կենցաղային ու կոմունալ պայմաններին, գույք-տեխնիկային, քաղաքներին կապող ճանապարհներին: Ֆ. Ցոլակյանը հանձնարարել է խնդիրների լուծման համար առատ մատակարարումներ կատարել մարզային վարչությանը, բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերել կապալառու շինարարական ընկերության հետ՝ ջրափրկարարական ջոկատի ճանապարհը բարեկարգելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին