Նորաձևության տոն՝ Երևանում
Հունիսի 25-29-ը կանցկացվի ավանդական դարձած ամենամյա «Fashion Forum Yerevan 2019»-ը: Այն կազմակերպվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի, «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ն Եվրոպական միության «ԵՄ-ն Բիզնեսի համար», «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրերի աջակցությամբ:
Ֆորումի նպատակն է խթանել հայաստանյան նորաձևության ոլորտի զարգացումը՝ տրամադրելով միջազգային փորձագետների հետ գիտելիքի և փորձի փոխանակման հարթակ և դառնալով կամուրջ դեպի միջազգային նորաձևություն։ Միջոցառումը եզակի հնարավորություն է հայ դիզայներների և ոլորտի այլ ներկայացուցիչների համար՝ նորաձևության ոլորտի առաջատար մասնագետներին հանդիպելու, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրման, ոլորտում հետագա համագործակցության ցանցի ընդլայնման և գործընկերային կապերի ձեռքբերման համար:
«Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Էլեն Մանուկյանը նշել է, որ ֆորումի այս տարվա գաղափարախոսությունն է ներկայացնել հայկական մշակույթը և ցույց տալ միջազգային փորձագետներին մեր հին մշակույթը ձեռագործ աշխատանքների միջոցով: Նրա խոսքով՝ հետաքրքիր թեմաներով՝ «Մշակութային ժառանգության պահպանում», «Հայկական տարազ», «Նորաձևություն և քաղաքականություն», «Բիզնես ստեղծում. տեղականից դեպի միջազգային» և այլն, միջոցառումներ տեղի կունենան:
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն էլ նշել է, որ նման միջոցառումներն անուղղակիորեն նպաստում են երկրի ճանաչելիության բարձրացմանը:
«Մենք աջակցում ենք նորաձևության այս ֆորումին, քանի որ այն բերում է նոր և թարմ մոտեցում Հայաստանի մշակութային կյանքում, մենք հավատում ենք, որ ստեղծարար արդյունաբերությունը, և մասնավորապես նորաձևությունը և դիզայնը մեծ ներուժ ունեն զարգանալու, և սա Հայաստանի համար լավ հնարավորություն է ներկայացնելու այդ ներուժը, քանի որ Հայաստան են այցելելու ոլորտի լավագույն փորձագետներ և ազդեցիկ մասնագետներ, որոնք ունեն հարյուր հազարավոր հետևորդներ աշխարհում»,- ասել է ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Նեհերը։
«Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ–ի նախագահ, դիզայներ Վահան Խաչատրանի խոսքով էլ՝ ֆորումը, բացի տեղացի մասնագետների համար փորձի փոխանակման և որակավորման բարձրացման հնարավորություն լինելուց, նաև լավ առիթ է արտերկրում Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար. «Ունենք հրավիրված լրագրողներ, որոնք գրելու են ոչ միայն ֆորումի, այլև առհասարակ Հայաստանի մասին: Արտերկրում մեր երկիրը դրական լույսի ներքո ներկայացնելու ևս մեկ լավ առիթ է»:
«Fashion Forum Yerevan 2019»-ի պաշտոնական բացումը կկայանա հունիսի 25-ին՝ ժամը 19։00-ին, «Որդան Կարմիր» հայկական գորգերի թանգարանում: «Ժառանգություն» խորագրով ցուցադրության շրջանակում հին հայկական ձեռագործ արվեստի նմուշների կողքին կներկայացվեն հայ դիզայներների հագուստների և աքսեսուարների նմուշները, որոնց ստեղծման և ոգեշնչման ակունքներում հայկական մշակույթն է:
Ֆորումի շրջանակում միջոցառումներ կանցկացվեն «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որին կմասնակցեն և իրենց փորձով հայ դիզայներների հետ կկիսվեն նորաձևության ոլորտի շուրջ 15 միջազգային առաջատար փորձագետներ, դիզայներներ, ոճաբաններ, բլոգերներ, լրագրողներ, կներկայացվեն հայ դիզայներների հավաքածուները, ինչպես նաև նախատեսվում է մշակութային շրջայց Տավուշի մարզ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում