«Ժառանգություն»-ը կոչ է անում ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանություններին՝ քաղաքական հետևողականություն դրսևորել
«Ժառանգություն» կուսակցության հայտարարություն է տարածել, որտեղ ասված է.
«Հունիսի 9-ին Հայաստանում տեղի ունեցան ՏԻՄ մարմինների ընտրություններ, որոնք հավաստեցին Հայաստանյան նոր իշխանության պատրաստակամությունը կառուցելու քաղաքական մենաշնորհներից զերծ ժողովրդավարական պետություն:
«Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է, որ ազատ և թափանցիկ ընտրություններ անցկացնելու ավանդույթը, ի հեճուկս հին համակարգի դիմադրության և կենսունակության, Հայաստանում քայլ առ քայլ ամրակայվում է: Մեր պետության մեջ աստիճանաբար իշխող է դառնում այն համոզումը, որ օրինական իշխանության ձևավորման միակ ուղին ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող, արդար ընտրությունների ապահովումն է:
«Ժառանգություն»-ը ողջունում է ընտրական գործընթացների նկատմամբ ՀՀ վարչապետի ցուցաբերած առողջ մոտեցումն ու ամեն գնով իշխանության չհասնելու մեծամասնության քաղաքական կամքը: Այդուհանդերձ պետք է նշենք, որ անցած ընտրությունները հերթական անգամ բացահայտեցին գործող ընտրական օրենսգրքի թերի կողմերը, ինչպես նաև նոր իրավիճակը համարժեք գնահատելու անկարողությունը առանձին պաշտոնյաների կողմից, որի հետևանքով հնչեցին քաղաքացիների ազատ ընտրությունը պիտակավորող հայտարարություններ, հեղափոխության գաղափարի շահարկումներ, կատարվեցին անգամ քրեական պատասխանատվություն ենթադրող քայլեր:
«Ժառանգություն»-ը ևս մեկ անգամ կոչ է անում ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանություններին քաղաքական հետևողականություն դրսևորել՝ ավարտին հասցնելով ընտրական օրենսգրքի և դրա հետ սերտորեն առնչվող օրենքների փաթեթի տապալված բարեփոխումը, որը վերջնականապես կհաղթահարի ՀՀ հասարակական-քաղաքական լայն շրջանակներում առկա անվստահությունը ընտրությունների գործող համակարգի հանդեպ՝ իրավականորեն բացառելով իշխանական տարբեր լծակների գործադրումը կուսակցական մենաշնորհներ ձևավորելու արատավոր Ճանապարհին»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ