Խաղաղասիրության գլոբալ ինդեքս. Հայաստանը 118-րդն է
Խաղաղասիրության գլոբալ ինդեքսի (Global Peace Index-2019) համաձայն, որը հրապարակվել է Տնտեսության եւ խաղաղության ինստիտուտի կայքում, աշխարհում ամենաանվտանգ երկիրը Իսլանդիան է, ամենավտանգավորը Աֆղանստանը՝ վերջին տեղից դուրս մղելով Սիրիային, որն այս անգամ զբաղեցնում է ցուցակի նախավերջին հորիզոնականը։
Ռիա նովոստին, հղում անելով զեկույցին, նշում է, որ Սիրիայում, Աֆղանստանում և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում 2018 թ. բռնությունները տնտեսական մեծագույն կորուստների պատճառ են դարձել, համապատասխանաբար` ՀՆԱ-ի 67%, 47% և 42%։
Ցուցակում ընդգրկված է 163 երկիր, որտեղ ապրում է մոլորակի բնակչության 99,7 տոկոսը։ Հայաստանը ցուցակի 118-րդ հորիզոնականում է։ Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը 99-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 130-րդ, Թուրքիան՝ 152-րդ։ ԱՄՆ-ը ցուցակի 128-րդ տեղում է, Ռուսաստանը՝ 154-րդ։
Իսլանդիային առաջին հնգյակում հաջորդում են Նոր Զելանդիան, Պորտուգալիան, Ավստրիան և Դանիան: Առավել քիչ խաղաղասեր երկրների հնգյակում բացի Աֆղանստանից ու Սիրիայից ներառված է Հարավային Սուդանը (161-րդ հորիզոնական), Եմենը (160-րդ հորիզոնական) և Իրաքը (159-րդ հորիզոնական)։