Խնդրում եմ այս թեման շատ չեփել, չէսկալացնել. Արարատ Միրզոյան
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ-ականների այն գնահատականներին, թե միտում են տեսնում, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կանչում են հարցաքննության, նշեց, որ նման բան բացառում է, և բոլորովին համաձայն չէ այդպիսի կարծիք հնչեցրած մարդկանց հետ:
«Ի՞նչ է նշանակում միտում, երբ նույն կերպ հրավիրում են նախկին նախագահներին, վարչապետին, բազմաթիվ այլ պաշտոնատար անձանց: Ի վերջո, օրենքը բոլորի համար է և օրենքի առաջ բոլորը հավասար են: Եթե որևէ գործի քննության շրջանակում իրավապահ մարմինն անհրաժեշտություն է գտնում հրավիրել՝ տեղեկություններով կիսվելու որևէ մարդու, անկախ զբաղեցրած պաշտոնից, այդ մարդը պարտավոր է գնալ և իր կարծիքը հայտնել: Ես խնդրում եմ այս թեման շատ չեփել, չէսկալացնել, քանի որ իրականում այնքան չկա, ինչքան հավանաբար խոսում են»,- նշեց Արարատ Միրզոյանը:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն ծանուցագիր էր ուղարկել Գագիկ Ծառուկյանին, որպեսզի նա ներկայանա հարցաքննության: Օրեր առաջ լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն ասել էր՝ վիրավորական է համարում այն, որ Աբովյանում 46 -ամյա բնակչին պատկանող բնակարանի դռան ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան հրկիզելու դեպքով իրեն հարցաքննության հրավիրելու ծանուցագիր է ուղարկվել:
«Սխալը դա է, որ ինձ վիրավորել են ու ծանուցագիր են ուղարկել։ Ում պետք է, թող ուղարկեն, իրենց պարտականությունը կատարեն և գործը բացահայտեն: Մենք ասել ենք մեր կարծիքը՝ եթե դա չբացահայտվեց, ուրեմն մեր կարծիքը հաստատվում է, որ դա սարքած շինծու գործ է»,- ասել էր Գագիկ Ծառուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ինձ վիրավորել են ու ծանուցագիր են ուղարկել. Ծառուկյան
- Մարզպետի կարգավիճակում որևէ գործողություն չեմ ձեռնարկել. Ռոմանոս Պետրոսյան
- Վարչապետը բացատրություններ է տալիս Աբովյանի ընտրությունների մասին
- Աբովյան քաղաքի թիվ 6 ավագ դպրոցը կկրի գնդապետ Արթուր Վանոյանի անունը