ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ․ Մենք ձեր կողքին ենք լինելու
«Շատ մեծ հաճույք է ինձ համար լինել Երևանում՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 3-րդ Գործողությունների ծրագրի մեկնարկին է, որը հաստատվում է մի ժամանակաշրջանում, որում այս պետությունը վերահաստատում է իր հանձնառությունը եվրոպական միասնական արժեքներին ու ստանդարտներին»,-այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թ. Գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողության ժամանակ իր ելույթում ասաց ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնին։
Գաբրիելա Բատաինի-Դրագոնին նշեց, որ ԵԽ կառավարող մարմինները՝ ԵԽ նախարարների կոմիտեն, ԵԽԽՎ-ն, գլխավոր քարտուղարը, վերջին շրջանում ուշադրություն են հրավիրել այն կարևոր ժողովրդավարական բարեփոխումներին, որոնք իրականացվում են այստեղ։ Բոլորը խրախուսել են այս առաջընթացը, մասնավորապես, դատական համակարգի անկախության ավելացումը, նոր քրեական օրենսգրքի ընդունումը, նոր կառույցների ստեղծում, որոնք կզբաղվեն կոռուպցիայի և խտրականության դեմ պայքարով։
«Այս ծրագրերը ջերմորեն են ողջունվել, և Հայաստանը կպատրաստեն ավելի լավ ապագայի համար»,- ասաց Գաբրիելա Բատաինի-Դրագոնին, հավելելով, որ արդարադատության բարեփոխումը երկուստեք գերակայություն է։
Ինչպես նախորդ 2 Գործողությունների ծրագրերը, այս մեկը ԵԽ-ի ու Հայաստանի իշխանությունների միջև ևս խոր քննարկումների արդյունք է, որին առաջին անգամ մասնակցել են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։
Գործողությունների այս ծրագրի նպատակն է էլ ավելի խորացնել ներպետական բարեփոխումների օրակարգը՝ զարգացնելով օրենսդրական դաշտը, օգնելով դրա կատարմանը և համագործակցության նոր ոլորտներում երկուստեք աշխատանքը գերակայությունների ուղղությամբ։Եվրոպական կոնվենցիայի ներպետական կատարման բարելավումը մնում է գերակա ուղղություն։
Գաբրիելա Բատաինի-Դրագոնին նշեց, որ Հայաստանի կառավարության հստակ հանձնառությունն է ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ, որը կենսական նշանակություն ունի և ողջունելի է, բայց Գործողությունների ծրագրի համար անհրաժեշտ է նաև սերտ համագործակցություն ԵՄ-ի ու այլ գործընկերների հետ, որոնք նաև ֆինանսկան աջակցություն են ցուցաբերում։
Նշվեց, որ Նոր Գործողությունների ծրագրի բյուջեն մոտ 19մլն եվրո է, որի 57 տոկոսի համար արդեն ապահովվածություն կա՝ շնորհիվ ԵՄ-ի, կամավոր հանգանակությունների, մասնավորապես, Ավստրիայի, Գերմանիայի, Իռլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի։
«Հայաստանը զգալի բարեփոխումներ է անցել, բայց բոլորի շահերից է բխում բաց խոսել մնացած անելիքների մասին։ Վարչապետ Փաշինյանը ԵԽԽՎ-ում այս տարվա ապրիլին ունեցած ելույթում պարզ կերպով ասաց, որ անհրաժեշտ է էլ ավելի ապակենտրոնացնել իշխանությունը, արմատախիլ անել համակարգային կոռուպցիան և, որ շատ կարևոր է, ապահովել դատական համակարգի անկախությունն ու արդյունավետությունը։ Գործողությունների մեր ծրագիրը սատարում է բոլոր նպատակների իրականացմանը, որոնք ավելի արդիական են դառնում Հայաստանի այսօրվա քաղաքական իրավիճակում։ Գործողությունների ծրագիրը ապրող փաստաթուղթ է, որը մեր միասնական նպատակները վերածում է շոշափելի գործողությունների՝ ի օժանդակություն բարեփոխումներին։ Մենք ձեր կողքին ենք լինելու, պատրաստ՝ ի կատար ածել բարեփոխումները, պատրաստ ենք գործողությունների վեկտորն ուղղել՝ ձեր իշխանությունների դիմումների հիման վրա»,-ասաց Գաբրիելա Բատաինի-Դրագոնին։
ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը հայտնեց, որ օրերս Հայաստան այցելած ԵԽ բարձրաստիճան փորձագիտական խումբն արդեն պատրաստում է կոնկրետ առաջարկներ այն քայլերի վերաբերյալ, որոնցով կարելի է անդրադառնալ կառավարությանը հուզող հարցերին, որոշակի հանձնարարականներ էլ արդեն ներկայացված են։
«Առաջարկները, իհարկե, պետք է ներկայացվեն ՀՀ սահմանադրության ու միջազգային հանձնառություններին համահունչ։ Մենք պատրաստ ենք ուղեկից լինել Հայաստանին՝ այս կարևոր բարեփոխումների ճանապարհին՝ հանուն Հայաստանի»,-ասաց Գաբրիելա Բատաինի-Դրագոնին։