Ժամանակն է, որ այդ հարցերն ուղիղ, առանց սեթևեթանքի դնենք օրակարգում և քննարկենք. Փաշինյան
«Ամեն տարի մենք ուրախությամբ արձանագրում ենք և դա իսկապես ուրախանալու առիթ է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շրջանակում հանգանակվեց 15 մլն դոլար, 10 մլն դոլար, 20 մլն դոլար, 25 մլն դոլար: Դա, իհարկե, շատ կարևոր և գնահատելի է»,- այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 28-րդ նիստին։
Նա նշել է, որ պետք է հասկանալ, թե ինչպես է դա երևում կողքից, դրսից, ուրիշների համար:
«Ուրիշների համար հարց է ծագում՝ սա՞ է հայկական ներուժը: Հայկական ներուժն այն է, որ ամբողջ աշխարհում հավաքում է 15 մլն դոլար և դրա համար ուրախանո՞ւմ: Ուզում եմ ընդգծել, որ հայկական ներուժի դեմ ձեզ և մեզ հայտնի ուժերը տարեկան միլիարդավոր դոլարներ են ծախսում, որպեսզի հայկական ազդեցությունն ամբողջ աշխարհում նվազեցնեն: Գալիս են պահեր, որ հայկական ներուժի իմիջին հարվածելու համար երբեմն ինքներս ակամա շատ ավելի մեծ աշխատանք ենք անում, քան անում են մեր հակառակորդները:
Իհարկե հասկանալի է, որ հայկական ներուժը միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով չէ Հայաստանում ներդրումներ անում: Կան տասնյակ կազմակերպություններ և՛ սփյուռքում, և՛ Հայաստանում, որոնք անգնահատելի աջակցություն են ցուցաբերել, ցուցաբերում և դեռ համոզված եմ՝ կցուցաբերեն Հայաստանին և Արցախին: Բայց կարծում եմ, շատ կարևոր է ոչ միայն այն, ինչ տեղի է ունենում, տեղի ունեցողի բովանդակային խորքը, այլև այն, թե ինչպես է դա երևում և ինչպես է դա պատկերվում դրսի հայացքի համար, կողքի հայացքի համար և, ի վերջո, մենք մեր խորքում, ինքներս մեզ հետ մենակ մնալիս, ոչ հրապարակային ի՞նչպիսի հարցեր ենք դնում տեղի ունեցողի կապակցությամբ:
Կարծում եմ, ժամանակն է, որ այդ հարցերն ուղիղ, առանց սեթևեթանքի դնենք օրակարգում և քննարկենք: Իհարկե հասկանալի է, որ այս ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիվ խնդիրներ, մենք ունեցել ենք խնդիրներ կոռուպցիայի հետ, կարող են չարաշահումների առանձին դեպքեր լինել, եղել են: Իհարկե, մենք ամեն ինչ կանենք և անում ենք, որ դա բացառենք, բայց դա ընդհանուր գործ է: Իհարկե, հասկանալի է, որ մենք ծրագրերի խնդիր ունենք, պետք է ծրագրերն իսկապես այնպիսին լինեն, որ ոգեշնչեն հնարավորինս շատ մարդկանց, դրանց կարևորությունը հնարավոր լինի ապացուցել, այդ ծրագրերի իրականացման հարակից էֆեկտները պետք է ավելի ազդեցիկ լինեն, որպեսզի մենք ոչ միայն ուղղակի ասֆալտապատ ճանապարհ կառուցենք, այլ տեսնենք, որ այդ ճանապարհն իր հետ բերում է զարգացում, իր հետ բերում է նոր կյանք, նոր հնարավորություններ ավելի ու ավելի շատ մարդկանց: Այս ամենը հասկանալի է և քննարկումից դուրս, բայց սրանք ավելի շատ կազմակերպչական բնույթի հարցեր են»,- նշել է Փաշինյանը։
Ամբողջական ելույթը՝ կառավարության պաշտոնական կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ