Փաշինյանը չի հիշում իրեն վերագրած մեջբերումների մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցրեց. «Դուք տարիներ շարունակ պայքարում էիք, որ իշխանությունները կարողանան հավասարակշռված կառավարում իրականացնել և պնդում էիք, որ հատկապես իշխանությունը պետք է ընդդիմությանը փոխանցի կառավարման վերահսկիչ ֆունկցիաները»։
Այնուհետև պատգամավորը հարցրեց. «Հիմա պատրա՞ստ եք Դուք այսօր տարիների Ձեր պայքարը այլևս որպես իշխանություն իրականացնելու, մասնավորապես Պետական վերահսկողական ծառայությունը և հաշվեքննիչ պալատը փոխանցելու ընդդիմության կառավարմանը»։
Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ երբեմն իրեն այնպիսի մեջբերումներ են վերագրում, որ ինքը չի հիշում։
«Ես, օրինակ, չեմ հիշում, որ խորհրդարանում երբևէ խոսել եմ ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալու անհրաժեշտության մասին։ Եթե չեմ սխալվում, ինձնից երկու շարք առաջ նստած քաղաքական ուժն էր այդ մասին խոսում։ Մեր նախորդ հարցուպատասխանից հետո ես պարտավորություն ստանձնեցի, որ և ՏՄՊՊՀ-ում, և ՀԾԿՀ-ում ընդդիմությանը կտրամադրվեն տեղեր և ես կներկայացնեմ ընդդիմության ներկայացրած թեկնածուին, դրանից հետո ԲՀԿ-ն հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ ինքը նկատի չի ունեցել շարքային անդամներին, այլ հանձնաժողովների նախագահին։ Տեսեք ինչ տաօրինակ է հնչում՝ ՊՎԾ-ն վարչապետին առընթեր հանձնել ընդդիմությանը, իսկ վարչապետի խորհրդկանների, օգնականների ինստիտուտի մասին ի՞նչ կարծիքի եք, արժե՞ քննարկել, ասենք, որ վարչապետի օգնականները բոլորը լինեն ընդդիմությունից»,- ասաց վարչապետը։
Նրա նշեց՝ օրենսդրությունն ասում է, որ Վերահսկիչ պալատը անկախ մարմին պետք է լինի։
«Ես երաշխավորում եմ, որ իմ ողջ քաղաքական գործունեության ընթացքում չի եղել մի նախադասություն, որ ես իշխանությունից վերահսկողական լծակներ ուզեմ։ Եվ եկեք ուղիղ ասենք՝ այդ ճանապարհով գնացող ընդդիմությունը դառնում է կոմֆորմիստ, գնում է, հարմարվում է իշխանության հետ։ Ես կարծում եմ՝ խորհրդարանն ունի անհրաժեշտ վերահսկողական լծակներ»,-հավելեց Փաշինյանը։