Մեր պրոպագանդան չի զիջում ադրբեջանականին, քանի որ մեր դիրքերն ամուր են. Պապիկյան
ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը հարցրեց, թե ի՞նչ է անում կառավարությունը հայկական մշակութային կոթողները պահպանելու ուղղությամբ, մասնավորապես՝ ի՞նչ է արվում Քարահունջի հետ կապված, քանի որ այն կագնած է ոչնչացման եզրին:
«Գաղտնիք չէ, որ մեր հարևան Ադրբեջանը, բացի ռազմական բյուջեի վրա ծախսվող հսկայական գումարներից, մեծ գումարներ է տրամադրում կեղծ գիտնականների վրա, որպեսզի խեղաթյուրի պատմությունը և իր համար նոր պատմություն հորինի: Անգամ այսօր տեսակետներ կան, որ Երևանն ու արդեն Թբիլիսին եղել են ադրբեջանական պատմական տարածքներ, զավթվել են եկվորների կողմից: Ի՞նչ քայլեր է անում կառավարությունը հայկական մշակութային կոթողները պահպանելու ուղղությամբ, մասնավորապես, Քարահունջի հետ կապված, քանի որ այն կանգնած է ոչնչացման եզրին ավերիչ պեղումների և բարձիթողի վիճակի հետևանքով: Մտավախություն չկա՞, որ հենց նման ֆինանսական միջոցները տարատեսակ խողովակներով կարող են ներթափանցել Հայաստան և աննկատ կերպով պատճառ հանդիսանալ պատմամշակութային արժեքների ոչնչացմանը»,- հարցրեց Աննա Կոստանյանը:
Ի պատասխան՝ ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այդ թեզը կեղծ է, որի վրա Ադրբեջանում մեծ գումարներ են ծախսում:
«Դրան պատասխանելու համար մենք հատուկ միջոցներ ծախսելու խնդիր չունենք, քանի որ այս տարածքը, մեր պատմական հայրենիքն է: ԳԱԱ Պատմության ինստիտուտը բազմաթիվ հրապարակումներ ունի թեմայի վերաբերյալ: Մենք աշխարհի ռուսալեզու հատվածին մեր ունեցածը ներկայացնելու խնդիր ունենք: Այս պահին ուղղակի կարող եմ ասել, որ մեր պրոպագանդան չի զիջում ադրբեջանականին, քանի որ մեր դիրքերն ամուր են: Բայցևայնպես, այո, մենք հավելյալ աշխատանքի խնդիր ունենք, որպեսզի այն ավելի ընդարձակ և տարածական դարձնենք»,- նշեց Սուրեն Պապիկյանը:
Ինչ վերաբերում է Քարահունջի աստղադիտարանին, նախարարն ասաց, որ սա գիտական վեճի խնդիր է, Հնագիտության ինստիտուտի աշխատողները դրան վերաբերում են գիտական հիմքով: «Եթե Ադրբեջանը խնդիր է դնում յուրաքանչյուր կոթող կեղծարարության սկզբունքով աշխարհին ներկայացնել, ապա Հայաստանն այդ խնդիրը չունի: Մենք մեկ խնդիր ունենք՝ մեր ունեցածը ճիշտ մատուցել աշխարհին, իսկ կեղածարարության ճանապարհով Հայաստանը չպետք է գնա»,- ընդգծեց Սուրեն Պապիկյանը: