Վերաքննիչ քրեական դատարանի դիմացից երկու անձ տարվել է ոստիկանություն
Այսօր առավոտից Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, որի մասնակիցներից երկուսին տարել են ոստիկանության Շենգավիթի բաժին։
Panorama.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ նրանց ոստիկանություն են տարել խուլիգանության կասկածանքով և այս պահին քննություն է ընթանում։
Նշենք, որ ակցիա իրականացնող մի խումբը պաշտպանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, մյուսներն էլ ազատազրկում են պահանջում: Կողմերի միջև լարվածության պատճառով՝ ոստիկանները նրանց խիստ նախազգուշացրեցին։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, քննվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նաև՝ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները։