Բացառում եմ, որ կունենանք որևէ տեղեկատվության արտահոսք. Վանեցյան
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Նա հիշեցրեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականին նոյեմբերի 30-ին՝ Մինսկում, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի միջև։
«Առայժմ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարել են ՌԴ-ն և Բելառուսը։ Համաձայնագրի հիմնական նպատակներն են միջպետական համագործակցության հիման վրա ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության հետագա զարգացումը, ՏՏ ոլորտում սպառնալիքներին համազդման կատարելագործումը, ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական տիրույթում ապօրինի գործողության դեմ համատեղ հակազդեցությունը, կողմերի տեղեկատվական անվտանգության ապահովման տեխնոլոգիական հիմքի զարգացմանն ուղղված փոխադարձ աջակցությունը»,- ներկայացրեց Վանեցյանը։
Նա նշեց, որ համաձայնագիրը ՀՀ համար առաջացնելու է հավելյալ ֆինանսական պարտավորություններ, մասնավորապես՝ ՀՀ պետբյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն կառաջանա։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե այս համաձայնագիրը ժամկետայի՞ն է, թե՞ անժամկետ։
Վանեցյանը պատասխանեց, որ այն լինելու է մշտական։
Նույն խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն էլ հետաքրքրվեց, թե տեղեկատվության ինչ տեսակներ են փոխանցվելու, ինչին ի պատասխան վանեցյանն ասաց. «Պայմանագրով հստակ նշված չափորոշիչներ կան, որը պետությունը հաշվի է առնելու, բացառում եմ, որ կունենանք որևէ տեղեկատվության արտահոսք, որը կվնասի ՀՀ անվտանգությանը։ Փակ համակարգ է, որը վերաբերում է միայն ՀԱՊԿ-ին, մեր ներքին որևէ տեղեկատվություն այդ ուղիով չի փոխանցվելու»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Ես շատ ամաչում եմ գաղտնալսման փաստից
- Արթուր Վանեցյանին չեն կարող գաղտնալսել
- Այլևս հնարավոր չէ գաղտնալսման համար նախատեսված սարքեր ներկրել Հայաստան. Վանեցյան
- Հայաստանում գաղտանզերծման հետ կապված խնդիր ունենք. Սամվել Մարտիրոսյան