Տիգրան Աթանեսյանի գրասենյակի վրա հարձակում կատարելու գործը կվերաբացվի
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր կայացված որոշմամբ վերացրել է Կենտրոնի քննչական բաժնի քննիչի կողմից կայացված` 2017 թվականի ապրիլի 27-ին փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակի վրա հարձակում գործած ՓՊ պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը: Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Նա նաև նշել է.
«Այս գործն ակնհայտորեն կոծկվեց նախկին իշխանութունների օրոք (կգա ժամանակ, երբ այդ գործընթացի մասնակից պաշտոնատար անձինք ևս կբացահայտվեն), իսկ հիմա Հայաստանի նոր իշխանությունը ստաում է հերթական փոքրիկ փորձաքարը ապացուցելու համար, թե արդյոք երկրում որևէ իրական, դերակատարների փոփոխությունից զատ, փոփոխություն տեղի ունեցել է, թե ոչ։
Շարունակում եմ պնդել, որ հենց նմանատիպ կոնկրետ գործերի ընթացքն է հանդիսանալու այն լակմուսի թուղթը, որով բացահայտվելու է առկա իրականությունը»։
Հիշեցնենք, որ 2017-ի ապրիլին իր գրասենյակում հարձակման էր ենթարկվել ու մարմնական վնասվածքներ ստացել փաստաբան Տիգրան Աթանեսյանը։