Մեր լրատվական դաշտն ամբողջությամբ դարձել է անպատասխանատու, բարդակ. Տիգրան Քոչարյան
«Մեդիան փոխվում է, ժամանակին մենք ասում էինք ԶԼՄ-ներ, հիմա դառնում է զանգվածային կոմունիկացիայի միջոցներ»,- այսօր լրագրողների հետ հանդիմանն ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ նշելով, որ հիմա բոլոր հնարավոր ուղղություններով տեղեկատվությունն ուղարկում են ընթերցողին։
«Այն լրատվամիջոցը, այն կայքը, որն առաջինը հասցրեց տեղեկատվությունը, նա էլ շահում է։ Ընթերցողների մեծամասնությունը ուշադրություն էլ չեն դարձնում, թե որ կայքն են կարդում, կարող է անգամ լինել «պուպսիկ.ռու» կայք իր ֆեյսբուքյան էջով, մեսենջերներով շատ լավ ալիք ստեղծի ու առաջինը հասցնի տեղեկատվությունը։ Նույն ֆեյսբուքում վխտում են տարբեր անուններով, դոմեյններով կայքեր, որտեղ հիմնականում ապատեղեկատվություն է՝ գումար աշխատելու մոլուցքով դրված։ Մեդիագրագիտությունից հեռու մարդիկ էլ սեղմում են, բացում ու կարդում։ Այսպես ասեմ՝ հայկական ցանցային լրատվական դաշտում տոտալ բարդակ է։ Այսօր ֆեյսբուքում պոտենցիալ երկու մլն հայ կա, ու նրանցից ամեն մեկը դարձել է փոքրիկ ԶԼՄ»,- ասաց Քոչարյանը։
Մեդիափորձագետի կարծիքով, այս ամենը վտանգավոր է նրանով, որ ամեն դեպքում, Հայաստանը գտնվում է պատերազմական վիճակում Ադրբեջանի հետ, սառը պատերազմում՝ Թուրքայի հետ և ընդհանրապես տարածաշրջանային խնդիրներ են առաջանում, որին պետք է շատ ճիշտ արձագանքել։
«Մեր լրատվական դաշտն ամբողջությամբ դարձել է անպատասխանատու, և որևէ գործիք, որը կարողանար զսպել մարդկանց, բացակայում է։ Ֆեյքային բանակի կողմից անընդհատ փուչ օրակարգեր են ձևավորվում՝ ժողովրդին զբաղեցնող, շեղող։ Ով ինչ ուզում գրում է, և հիմա ամեն ինչ մնացել է լրագրողի խղճին, եթե շարունակում է հարգել իր մասնագիտությունը, ուրեմն ամեն ինչ կարգին է։ Իմ կարծիքով՝ դատարանների հարցը լուծելուց հետո շատ լուրջ զբաղվելու են նաև ԶԼՄ-ներով»,- ասաց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է ֆեյքերի դեմ պայքարին՝ Տիգրան Քոչարյանն ասաց, որ իրականում ֆեյքերի դեմ շատ բարդ է պայքարել. «Ցավոք սրտի պատժում են միայն ընդդիմադիր ֆեյքերին, ոչ իշխանական։ Բայց ամենահիմնական վտանգն այն է, որ այդ ահռելի քանակության ֆեյքերի որ տոկոսն է կազմում հարևան պետությանը, չգիտենք։ Չգիտեմ, այդպիսի հաշվարկ արում է, թե ոչ բայց դա իրոք խնդիր է»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին