Ապիտոնյանը հանդիպել է Յուրի Ֆեդոտովի հետ
Վիեննայում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) գործադիր տնօրեն, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Յուրի Ֆեդոտովի (Yuri Fedotov) հետ:
ԱԳ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացը, այդ թվում՝ նաև UNODC իրավասության ներքո գտնվող բնագավառներում։
Արտակ Ապիտոնյանն ընդգծել է, որ Հայաստան-UNODC սերտ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցելու գործում՝ մասնավորապես կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման ուղղությամբ։ Կարևորվել է UNODC դերը՝ իր իրավասությունների բնագավառում տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը համակարգելու և խթանելու հարցում։
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի՝ Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակի և դրա հովանու տակ գործող հանձնաժողովների հետ փոխգործակցությանը և խնդիրներին, քննարկել են երկկողմ համագործակցությունն առավել ինտենսիվ դարձնելու և խորացնելու հեռանկարները:
Արտակ Ապիտոնյանն ու Յուրի Ֆեդոտովն անդրադարձել են նաև վերջերս ՄԱԿ գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված Ատելության քարոզչության դեմ պայքարի Ռազմավարության և Գործողությունների ծրագրի հարցերին։