Սոցհարցում. Ստամբուլում 10%-ով նվազել է նախագահական համակարգի կողմնակիցների թիվը
Թուրքական հասարակության շրջանում նվազում է աջակցությունը կառավարման նախագահական համակարգին: Թուրքական «Metropoll» սոցիոլոգիական կազմակերպության կողմից հունիսի 15-16-ին Ստամբուլում իրականացված հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ այս պահին հասարակության ավելի մեծ հատվածը կնախընտրեր երկրում լիներ խորհրդարանական կառավարման համակարգ: Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
«Եթե նախագահական համակարգին անցնելու հանրաքվեն այսօր լիներ, ինչպե՞ս կքվեարկեիք» հարցին պատասխանած մասնակիցների 58.6%-ը նշել է, որ կողմ է խորհրդարանական համակարգին: Իսկ Նախագահական համակարգին կողմ է արտահայտվել 39.4%-ը: 2%-ը դժվարացել է պատասխանել:
2017 թվականի ապրիլի 16-ին երկրում տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ խորհրդարանական համակարգը պաշտպանել էր մասնակիցների միայն 48.59%-ը, 51.41-ը կողմ էր արտահայտվել նախագահական համակարգին:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) ընտրողների 13%-ը համարել է, որ նախագահական համակարգին անցում կատարելը օգտակար չի եղել: Նույն կարծիքին են եղել «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) ընտրողների 41%-ը:
Հարցման մասնակիցների 11.6%-ը նախագահական համակարգը շատ օգտակար է համարել, օգտակար է համարել 29.2%-ը, օգտակար չի համարել 23.1%-ը, ընդհանրապես օգտակար չի համարել 27.6%-ը:
Նշենք, որ այս հարցումն իրականացրած «Metropoll» կազմակերպությունը Ստամբուլի քաղաքապետի ընտրություններից առաջ ևս սոցհարցում էր իրականացրել: Ի տարբերություն մի շարք սոցիոլոգիական կազմակերպությունների անցկացրած հարցումների՝ «Metropoll»-ի արդյունքները ամենամոտն են եղել ընտրությունների իրական արդյունքներին:
Ըստ «Metropoll»-ի՝ ընդդիմության թեկնածու, Ստամբուլի քաղաքապետ ընտրված Էքրեմ Իմամօղլուն ստացել է ձայների 54.5%-ը, իսկ իշխանության թեկնածու Բինալի Յըլդըրըմը՝ ձայների 43.9%-ը:
Ընտրություններում գրանցված իրական արդյունքները հետևյալն էին՝ Իմամօղլու-54.21%, Յըլդըրըմ-44.99%:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում