Մանե Թանդիլյան. Կոչ արեցի կանանց հրաժարվել «ես չեմ կարող» մոտեցումից
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը հունիսի 25-27-ին մասնակցել է Տոկիոյում կայացած Աշխարհի կին քաղաքական առաջնորդների գագաթնաժողովին։
Ինչպես մանրամասնում է Թանդիլյանը, «Կանանց տնտեսական հզորացման» թեմայով պանելային քննարկման ընթացքում հանդես է եկել որպես թեմատիկ պանելի խոսնակ, ներկայացնելով Հայաստանի ընթացիկ վիճակը և ապագա անելիքների իմ տեսլականը։
«Կոչ արեցի կանանց հրաժարվել «ես չեմ կարող» մոտեցումից, որը հատկանշական է կանանց, և հատկապես ու մասնավորապես այն դեպքում, երբ նման վախերը հաճախ միակ խոչընդոտն են առաջխաղացման և տնտեսական անկախության համար։
Դիմելով գագաթնաժողովի մասնակիցներին, որպես հայ պատվիրակության անդամ, հիշատակեցի հայոց առաջին հանրապետության Ազգային Ժողովի կին պատգամավորների առկայության մասին, այն ժամանակ, երբ աշխարհի բազմաթիվ երկրներում կանայք դեռ անգամ չունեին ընտրելու իրավունք։ Նաև կոչ արեցի ստանձնել հանձնառություն մեր երկրների այլ կանանց քաղաքական առաջնորդության մեջ ներգրավելու վերաբերյալ»,-մասնավորապես գրել է նա։
Նշենք, որ 2019 թվականի հունիսի 25-27-ը Տոկիոյում տեղի է ունեցել Աշխարհի կին քաղաքական առաջնորդների (WPL) գագաթնաժողովը, որին այս տարի մասնակցում էին ավելի քան 80 պետություններից ավելի քան 400 կին քաղաքական գործիչներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Աշխարհի կին քաղաքական առաջնորդների այս տարվա հավաքի թեման վերաբերում էր կայուն զարգացման նպատակներին և այն արդյունավետ քայլերին, որոնք միտված են երկրների զարգացմանը՝ կանանց քաղաքական մասնակցության խթանման միջոցով։
Կանայք կազմում են աշխարհի բնակչության 50%-ը, սակայն ամբողջ աշխարհում կին նախագահների թիվը կազմում է նախագահների ընդհանուր թվի շուրջ 6,5%-ը, նախարարների թվի 18%-ը, խորհրդարանականների թվի՝ 24%-ը։