«Լույսի մոլորակ» մոր և մանկան փառատոնը կկայանա նաև Արցախում
Հուլիսի 13-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում կիրականացվի «Լույսի մոլորակ» մոր և մանկան փառատոնը, որն անց է կացվում «Իմ Քայլը» հիմնադրամի հովանու ներքո, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ, ԱՀ Առողջապահության և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների մասնակցությամբ։ Կազմակերպիչ՝ CREO Project Solutions։
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ նախագիծը սոցիալական ամենատարբեր խավերի ծնողների և մանուկների համար հավասար հնարավորություններ կստեղծի ստանալու կարևոր տեղեկատվություն և մասը կազմելու զարգացնող միջոցառումներին, ինչպես նաև կաջակցի հատուկ կարիքներով երեխաների և նրանց ընտանիքների ինտեգրմանը հասարակությանը:
Փառատոնային խիտ ծրագիրը երեխաներին և նրանց ծնողներին կներկայանա կրթական բնույթի բազում առաջարկներով․ բաց դասեր ծնողների համար (առողջ ընտանիքի և հղիության գրավականը, հատուկ կարիքների վաղ բացահայտումը, կրծքով սնուցման առավելությունները, նեոնատալ խնամք և այլն) և երեխաների համար (ինտերնետ անվտանգություն, նկարչություն, կավագործություն, տիկնիկագործություն, մենթալ թվաբանություն, զարմանահրաշ քիմիա և ֆիզիկա, ռոբոտաշինություն, մարտարվեստներ, պար և այլն), մանկական ներկայացում, շարժական պլանետարիումի այցելություն, հայկական մուլտֆիլմի դիտում, հեքիաթի և մանկական զվարճանքների անկյուններ և դեռ շատ-շատ ավելին:
Միջոցառման նպատակներից են՝
• Ծնողների կրթում մոր և մանկան առողջության պահպանման հարցերի վերաբերյալ՝ հասանելի և բարձրակարգ մասնագիտական տեղեկատվության տրամադրման միջոցով:
• Հատուկ կարիքներով երեխաների սոցիալականացման հարցերի բարձրաձայնում և նման երեխաների ինտեգրում՝ որպես հասարակության լիիրավ անդամ: Առողջական խնդիրների վաղաժամ բացահայտման և դրանց հետագա զարգացման կանխարգելմանն ուղղված տեղեկատվության տրամադրում:
• Ներառական միջավայրի ստեղծում, որտեղ կրթության և զարգացման համար առաջարկվում են հավասար պայմաններ՝ անկախ ֆիզիկական և սոցիալական սահմանափակումներից:
• Առաջատար կրթական հաստատությունների կողմից ներկայացվող կրթական բաց դասերի ներկայացում: Նպատակը՝ հնարավորության ընձեռում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին՝ օգտվելու զարգացմանն ուղղված ամենատարբեր ծրագրերից, որոնք այլ պայմաններում նրանց հասանելի չեն:
• Կրթական այլընտրանքային ծրագրեր առաջարկող կենտրոնների ներկայացման միջոցով ծնողների իրազեկվածության բարձրացում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ