Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ, թե՞ դարձի եկավ
Եթե կա խնդրի լուծման քաղաքական նպատակահարմարություն, ապա դրա համար կգտնվի պատշաճ իրավական փաթեթավորում։ Վերջին երկու օրերին այս հարցում «վարպետաց դասերի» ականատես եղանք Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ), երբ բազմաքայլ իրավական աճպարարության արդյունքում հնարավոր եղավ Ռուսաստանի Դաշնության պատվիրակության վերադարձն այդ կառույց։
Իսկ ամեն ինչ սկսվել էր հինգ տարի առաջ, երբ Ղրիմը Ռուսաստանին միանալուց հետո ԵԽԽՎ-ն որոշեց պատժամիջոցներ կիրառել ռուսական պատվիրակության դեմ՝ նրան զրկելով քվեարկելու իրավունքից, կառույցի ղեկավար մարմիններում ներկայացվածությունից և դիտորդական առաքելություններին մասնակցությունից։ Ի պատասխան, ռուսական կողմը առկախեց իր մասնակցությունը ԵԽԽՎ աշխատանքներին, իսկ 2017թ. դադարեցրեց ԵԽ անդամավճարի մուծումը, ինչը լրջագույն ֆինանսական ճգնաժամ էր առաջ բերել ողջ կազմակերպության համար։ Հաջորդ քայլը, որ քննարկվում էր, Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի հեռացումը կամ դուրս գալն էր։
Սակայն որոշ հանգամանքներ ստիպեցին եվրոպական հիմնական որոշում կայացնող երկրներին, առաջին հերթին Ֆրանսիային և Գերմանիային, վերանայել մոտեցումները և քայլեր ձեռնարկել Ռուսաստանին ԵԽ վերադարձնելու ուղղությամբ։ Նախ 2019թ. մայիսին ԵԽ նախարարական համաժողովի մակարդակով որոշում ընդունվեց, որով հաստատվում էր, որ բոլոր անդամ պետությունները պետք է հավասար հիմունքներով մասնակցեն ԵԽ հիմնական մարմինների՝ Նախարարների կոմիտեի և ԵԽԽՎ աշխատանքներին։ Ապա ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի բացմանը բանաձև ընդունվեց, որով փոփոխվում էր վեհաժողովի կանոնադրությունը և ՌԴ-ն հրավիրվում էր ներկայացնել պատվիրակության կազմը՝ նրանց լիազորությունները հաստատելու համար։ Այնուհետ Ուկրաինայի, Վրաստանի, Մերձբալթյան պետությունների և Մեծ Բրիտանիայի ակտիվ մասնակցությամբ վիճարկվում է ռուսական պատվիրակների լիազորությունները և ԵԽԽՎ-ն ընդունում է երկրորդ բանաձևը, որով առանց վերապահումների հաստատվում է ռուսական պատվիրակության մանդատը, թեպետև նույն փաստաթղթով ռուսական իշխանություններին որոշ գործողությունների կոչ է արվում, ինչպիսին են ուկրաինացի 24 նավաստիների ազատ արձակումը, մալայզիական ավիաուղիների MH 17 թռիչքի ինքնաթիռի կործանման հետաքննության հարցով համագործակցությունը, առանց նախապայմանների ԵԽ անդամվճարի մուծումը և այլն։
Ռուսաստանի վերադարձի օգտին քվեարկած երկրների շարքում են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ավստրիան, Թուրքիան, Իսպանիան, Ֆինլանդիան, Ադրբեջանը, Նորվեգիան, Հայաստանը՝ որոշ թյուրիմացություններով, և այլն։ Ընդդիմախոսների թվում էին բնականաբար Ուկրաինա, Վրաստանը, մերձբալթյան երկրները, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Սլովակիան։
Ի դեպ, ի պատիվ ուկրաինացիների և նրանց աջակցողներին, պետք է նշել, որ նրանք մինչև վերջ պայքար մղեցին՝ օգտագործելով ընթացակարգային բոլոր հնարավորությունները։ Սակայն, պարզվեց, որ այդ ամենը այնքան էլ արդյունավետ չէր այդ պատվիրակների համար և այդ կերպ նրանք փորձեցին պատվով դուրս գալ պարտությունից։ Իսկ ռուսական մամուլը անթաքույց հրճվանքով շեփորահարում է հաղթանակ, թեպետև պաշտոնական արձագանքն ավելի զուսպ էր։
Ինչ է ստացվում՝ Եվրոպան ներու՞մ է Ռուսաստանին և ընդունո՞ւմ Ղրիմի միացումը՝ համարելով, որ հինգ տարի ժամկետը բավարար էր պատիժը կրելու համար, թե ռացիոնալ մտածողների համար պարզ դարձավ, որ ԵԽԽՎ պատժամիջոցներով հնարավոր չէ լուրջ ազդել ՌԴ վրա և վերադարձնել Ղրիմն Ուկրաինային։
Տուժում էր միայն Եվրոպայի խորհուրդը, որը ինստիտուցիոնալ և ֆինանսական ճգնաժամի պատճառով հայտնվել էր անդամալույծ վիճակում, և ռուսական պատվիրակության վերադարձով փորձ է արվում փրկել կառույցն անխուսափելի անկումից։ Գուցե երկու հանգամանքների միախառնումը բերեց այս զարգացումներին, որոնք հիասթափության մեծ տեղիք տվեցին առաջին հերթին Ուկրաինայում և նրա աջակից երկրների շրջանակում։ Մյուս կողմից էլ հստակ է, որ ինչքանով էլ, որ սրված լինի Արևմուտք-Ռուսաստան մրցակցությունը, ինչքան էլ որ որոշ ավանդաբար հակառուսական տրամադրվածություն ուենցող երկրները ջանան Ռուսաստանին մեկուսացնել, միևնույն է՝ Եվրոպան ու Ռուսաստանը ունեն միմյանց կարիքը և իրար հետ կապված են բազում ու բազմատեսակ թելերով։
Ուստի և, Ռուսաստանի վերադարձը ԵԽԽՎ կարող է թեկուզև փոքր, բայց դրական ազդեցություն ունենալ մայրցամաքում իրավիճակի լարվածության թուլացման առումով։ Եթե իհարկե կողմերն ու հատկապես Ռուսաստանը պատշաճ դասեր քաղեն հինգ տարվա փորձից, վերանայեն արժեքային որոշ մոտեցումներն ու քաղաքական ձեռնարկումները, և այս վերադարձը չներկայցնեն որպես սեփական ճշմարտացիության ապացույց, ինչը կարող է էլ ավելի բորբոքել մեծապետական կրքերը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ, 7 երկիր հայտարարություն արեց ու լքեց դահլիճը
- ԵԽԽՎ-ն ամբողջությամբ վերադարձրեց Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները
- Ռուսաստանը վերադառնում է ԵԽԽՎ․ինչպե՞ս քվեարկեց Հայաստանը