Դատախազություն. Հանցավոր մեխանիզմներով ապահովվել է օտարված բժշկական կենտրոնի արգելանքից հանումը
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումնասիրության առրկա է դարձրել Տավուշի մարզում գործող բժշկական կենտրոնի օտարման վերաբերյալ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված տեղեկատվությունը:
Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից:
Դատախազությունից հայտնում են՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2014թ. համապատասխան որոշմամբ թույլատրվել է բժշկական կենտրոնը ուղղակի վաճառքի ձևով օտարել ՍՊԸ-ին, որի վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) և այդ ընկերության միջև կնքվել է պետական գույքի օտարման և գրավի պայմանագիր: Վկայակոչված պայմանագրով ընկերությունը պարտավորվել է հինգ տարվա ընթացքում կատարել 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում՝ յուրաքանչյուր տարի հավասարաչափ: Ընդ որում, մինչ ներդրումային պարտավորությունների կատարման ավարտը գույքը պետք է գրավադրված մնար հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի:
2017 թվականի հոկտեմբերի 11-ի գրությամբ Ընկերությունը խնդրել է Գույքը գրավից հանել այն պատճառաբանությամբ, որ պայմանագրով իր կողմից ստանձնած ներդրումային պարտավորությունները կատարվել են հետևյալ ժամկետներում. 2015թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ՝ 208.351.000 ՀՀ դրամի, 2017թ. հուլիսի 28-ի դրությամբ՝ 661.527.000 ՀՀ դրամի, իսկ 2017թ. հոկտեմբերի 11-ի դրությամբ՝ 342.628.000 ՀՀ դրամի չափերով։ Հիմվելով նշված հանգամանքի վրա՝ 2017թ. նոյեմբերի 21-ին գույքը հանվել է գրավից։
Սակայն ուսումնասիրությամբ պարզվել է, որ ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ Ընկերության կողմից ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
«Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ 2015-2017թթ. ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չկատարված շինարարական աշխատանքները, Ընկերության վերակազմակերպման հետևանքով արհեստականորեն ստեղծած ակտիվների ներհոսքը, Ընկերության հաշվեկշռում առկա գույքի շուկայական արժեքի գնահատումը դիտել են որպես ներդրումային պարտավորությունների կատարում և գրավադրված գույքը հանել են արգելանքից՝ էական վնաս սպատճառելով պետության օրինական շահերին:
Ստացված արդյունքները, փաստորեն, տվյալներ են պարունակում նաև Ընկերության մասնակիցների և պատասխանատու անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, ինչպես նաև շուրջ 1 մլրդ 107մլն ՀՀ դրամ ներդրումային պարտավորությունը չկատարելու պայմաններում խաբեությամբ ուրիշի գույքի նկատմամբ առանձնապես խոշոր չափերով իրավունք ձեռք բերելու վերաբերյալ:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 315-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»,-հայտնում են Դատախազությունից։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները