Ըստ թուրք նախարարի՝ F-35-երի ծրագրից Թուրքիային դուրս թողնելը կվնասի ԱՄՆի-ին ու ՆԱՏՕ-ին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հետ։
Այդ մասին տեղեկացնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել է Սիրիայի հարցը։
Հանդիպումից հետո Աքարը, անդրադառնալով թուրք-ամերիկյան հարբերություններում լարվածություն առաջացրած ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի և ամերիկյան F-35 կործանիչների հարցերին, ասել է.
«Մենք ունենք պարտականություններ ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի պայմանագրով։ Կարճ ասած՝ սա ավարտված գործարք է։ F-35-երի նախագծից մեր դուրս գալը վնասելու է թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ՆԱՏՕ-ի շահերին։ Թուրքիան այդ ծրագրում միայն հաճախորդ չէ, Թուրքիան այդ ծրագրում ներդրում անող կողմ և գործընկեր է։ Մինչ օրս մենք կատարել ենք մեր բոլոր պարտականությունները F-35-երի հարցում։ Ուստի մենք ցանկացած հարթակում շարունակելու ենք մինչև վերջ պաշտպանել մեր իրավունքները»։
Հիշեցնենք, որ ռուսական ՀՕՊ համակարգերի գնման պատճառով վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը գնալով խորանում է: ԱՄՆ-ն տարբեր պաշտոնյաների շուրթերով Թուրքիային բազմիցս զգուշացրել ու շարունակում է զգուշացնել, որ ռուսական S-400-ների գնման դեպքում Անկարան կարող է դուրս թողնվել F-35 կործանիչների համատեղ արտադրության նախագծից: