Բարձրաստիճան պաշտոնների են թառում մարդիկ, որոնք ընդամենը քայլել գիտեն, մեկ-մեկ. Գևորգ Պետրոսյան
«Եթե կոնկրետ դեպքեր ունենք, պետք է կոնկրետ դատավորների հետքերով գնանք, ոչ թե մեկ կամ մի քանի դատավորի համար պարալիզացնենք ամբողջ դատական համակարգը»,- այսօր ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» թեմայով խորհրդաժողովում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով դատական իշխանության համակարգի գործունեությանը։
Պատգամավորը հստակեցրեց, որ խորհրդաժողովին ինքն ինչ ասում է, իր անձի անունից է, ոչ թե այն խմբակցությունից, որի անդամ է ինքը։
«Իշխանության որոշ ներկայացուցիչներ ամենաբարձր մակարդակով իրենց համոզել են, թե հեղափոխությունն այն է, որ ամբողջ պետական ապարատը քեզանով անես։ Օրենսդիր իշխանությունը հիմա իրենցն է, գործադիր իշխանությունը միանձնյա իրենք են ստանձնել, հիմա իրենց կարծիքով հեղափոխությունը դեռ չի սպառվել։ Այ, երբ դատարանները, դատախազությունը համալրվեն իրենցով, իրենց հետ քայլած մարդկանցով, այդ ժամանակ հեղափոխությունը կավարտվի։ Բայց եթե մենք խոսում ենք դատական անկախ համակարգի մասին, ապա քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունը բացարձակապես չպետք է անդրադառնա դատական համակարգի վրա»,- ասաց Պետրոսյանը։
Պատգամավորը հիշեցրեց դատարանների մուտեքերը փակելու Փաշինյանի կոչը և հարցադրում արեց՝ «այդպե՞ս են անկախ դատական համակարգ ստեղծում»։
«Եթե իշխանությունն իսկապես շահագրգռված է անկախ դատական համակարգ ունենալով, ապա պետք է վեր կանգնի այդ տնավարության մթնոլորտ ստեղծելու ցանկությունից, դատավորներին էլ սև, սպիտակ, երկնագույն, կարմիր, կապույտ տարանջատումներից և հաշվի առնի օրենքին համապատասխան նրա աշխատանքը։Ենթադրենք դատավորներին բոլորին մաքրազարդեցին, ո՞ւմ են բերելու, բա կադրային կոռուպցիան ի՞նչ է։ Ավելի վտանգավոր է կադրային կոռուպցիան։ Երբ այսօր գալիս են բարձրաստիճան պաշտոնների են թառում, իրենց մտածողության օրգանը երբևէ որևէ լուրջ ինֆորմացիայով չծանրաբեռնած մարդիկ, որոնք ընդամենը քայլել գիտեն, մեկ-մեկ էլ՝ վազել, մեկ-մեկ էլ՝ ճողոպրել, իրենց բերում և ասում են՝ դու վերջն ես։ Սա կործանման ամենակարճ ճանապարհներից մեկն է», - ասաց Գևորգ Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դատական իշխանության համակարգն իսկապես անկախության կարիք ունի. Գևորգ Դանիելյան
- ՀՀ-ում ներկայումս սահմանադրական մտքի, պետականության ճգնաժամ կա. Արթուր Ղազինյան
- Շատ հազվադեպ է, որ Սահմանադրությունը չի պահանջում մեկնաբանություն. Դավիթ Հարությունյան
- Եթե սահմանադրության տեքստը լի է հակասություններով, դրա մեկնաբանությունը դառնում է ռուսական ռուլետկա. Լյուֆթենհանդ
- Սահմանադրությունը պետք է ունենա հստակ երաշխավոր. Վարդան Այվազյան