Քաղաքական դինաստիաներն ու ժողովրդավարությունը
Հուլիսի 7-ին Հունաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Նոր ժողովրդավարություն» ընդդիմադիր, աջակենտրոն կուսակցությունը՝ ստանալով ձայների 38.9% և 300 հոգանոց խորհրդարանի 158 տեղը։ Այսպիսով, Կիրիակոս Միցոտակիսի գլխավորած կուսակցությունը հնարավորություն է ստացել ձևավորել կառավարություն՝ առանց կոալիցիոն գործընկերների։ Թե ինչու պարտվեց գործող վարչապետ Ալեքսիս Ցիպրասի «Սիրիզա» ձախակողմյան կուսակցությունը, լուրջ վերլուծության կարիք ունի։ Բայց այստեղ կուզեինք ուշադրությունը հրավիրել հաղթած կուսակցության առաջնորդի՝ Կիրիակոս Միցոտակիսի անձին և ընդհանրապես ժողովրդավարական պետություններում «քաղաքական դինաստիաների» երևույթի վրա։
Եվ այսպես, Հունաստանի ապագա վարչապետի հայրը Հունաստանի նախկին վարչապետ (1990-93թթ.) Կոնստանտինոս Միցոտակիսն է, ում ավագ դուստրը՝ Դորա Բակոյանիսը, եղել է Աթենքի քաղաքապետը և 2006-2009թթ. Հունաստանի արտաքին գործերի նախարարը։ Աթենքի ներկայիս քաղաքապետ է ընտրվել Դորա Բակոյանիսի որդին՝ Կոստասը։
Ի դեպ, հիշեցենք, որ Դորա Բակոյանիսը ԵԽԽՎ պատվիրակության անդամ է և 2014-16թթ. եղել է այդ կառույցի ժողովրդավարության և քաղաքական հարցերի կոմիտեի նախագահ։ Այդ շրջանում նա աչքի էր ընկնում պրոադրբեջանական մոտեցումներով և իր որոշակի ավանդն ուներ ԼՂ վերաբերյալ տխրահռչակ «Վոլտերի բանաձևի» շրջանառման գործում։
Միցոտակիսի՝ վարչապետ ընտրվելն որոշ շրջանակներում համարում են Հունաստանում հաստատված դինաստիական իստեբլիշմենտի դրսևորում։ Իսկ որքանով է համատեղելի քաղաքական ժառանգականությունը ժողովրդավարական կառավարման սկզբունքների հետ, երկար բանավեճերի տեղիք է տվել։ Օրինակները քիչ չեն նույնիսկ ամենահասուն ժողովրդավարություններում՝ ԱՄՆ նախագահներ հայր և որդի Ջորջ Բուշերը, Քենեդիների, Ռուզվելտների, Քլինտոնների ընտանիքները և այլն։ Կամ ավելի թարմ օրինակներից՝ ԱՄՆ գործող նախագահ Դոլանդ Թրամփի աղջիկն ու փեսան Սպիտակ տանը պաշտոնավարում են որպես նախագահի խորհրդականներ։
Քաղաքական դինաստիայի երկար ավանդույթ ունի նաև ամենաբնակեցված ժողովրդավարական պետության համարում ունեցող Հնդկաստանը, որտեղ Ներու-Գանդի ընտանիքի ներկայացուցիչները երկար տարիներ բարձրագույն պաշտոններ են զբաղեցրել։ Այս հուլիսի 3-ին Ինդիրա Գանդիի թոռը՝ Ռաուլ Գանդին հրաժարվեց «Հնդկաստանի Ազգային Կոնգրես» ընդդիմադիր կուսակցության նախագահի պաշտոնից, ինչը որոշ վերլուծաբանների կարծիքով կարող է մոտեցնել քաղաքական այս դինաստիայի վերջը։
Ոչ ժողովրդավարական երկրներում ընտանիքի անդամներին քաղաքական պաշտոններ ժառանգելն ընդհանուր առմամբ տարածված երևույթ է և պակաս հարցեր է առաջացնում։ Երբ Ադրբեջանի նախագահ Ալիևն իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային դարձրեց երկրի փոխնախագահ, շատ քննադատություն չհնչեցվեց նեպոտիզիմի այս վառ դրսևորման նկատմամբ։ Սակայն երբ նմանատիպ երևույթներ լինում են հատկապես երիտասարդ կամ անցումային ժողովրդավարություններում, ապա հովանավորչության ու կլանային կառավարման մասին պնդումների պակաս չի լինում։
Մրցակցային ընտրությունները և կառավարման մարմինների իշխանության սահմանադրական փոխանցումն արդյունավետ ժողովրդավարության կարևորագույն հատկանիշներն են, ինչի պայմաններում քաղաքական գործչի քաղաքական երկարակեցությունը պայմանավորված է նրա կողմից հանրային ծառայությունների արդյունավետ մատուցմամբ, ոչ թե այս կամ այն ընտանիքին պատկանելու հանգամանքով։ Եթե հասուն ժողովրդավարություններում կան բազմաթիվ հակակշռման մեխանիզմներ ու նաև ավանդույթներ քաղաքական իշխանության «կլանացումը» կանխելու կամ գոնե նվազագույնին հասցնելու համար, ապա անցումային երկրներում, որտեղ դեռ թարմ են ավտորիտար կառավարման ինստիտուցիոնալ ու մշակութային հետքերը, հզոր քաղաքական ընտանիքների ձևավորումը կարող է բերել օլիգոպոլիկ կառավարման համակարգի։ Այս դեպքում ևս կլինեն ընտրություններ, որտեղ միշտ հաղթելու են ազդեցիկ ու հարուստ ընտանիքների ներկայացուցիչները։
Քաղաքական դինաստիաների պաշտպանության համար, իհարկե, կգտնվեն փաստարկներ, որոնք կհիմնավորեն դրանց գոյության դրական կողմերը։ Այդուհանդերձ, որքան էլ որ հարգենք ընտանիքն ու ընկերներին, ընտանեվարությունն (նեպոտիզմն) ու ընկերների միջոցով կառավարելը (կրոնիզմը) չի նպաստում ժողովրդավարության զարգացման միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարներին։