Ռուստամ Բադասյան. Կառավարությունն առաջնորդվում է «հիմա» և «այս պահից» կարգախոսով
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
ԱՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում նախարարը եվրոպացի գործընկերներին ներկայացրել է Արդարադատության նախարարության օրակարգը՝ ուղղված դատաիրավական, հակակոռուպցիոն և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտների բարեփոխումներին:
Ռուստամ Բադասյանը վստահեցրել է, որ Հայաստանի Կառավարությունը, առաջնորդվելով «հիմա» և «այս պահից» կարգախոսով, պատրաստ է հստակ գործողություններով և շոշափելի քայլերով հասնելու իր առջև դրված նպատակների իրականացմանը: Նախարարը, բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին հատկանշական է համարել նաև գործընթացի ներառականությունը և այդ համատեքստում տեղեկացրել, որ Նախարարությունը նախքան Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը մշակելը նախաձեռնել է հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Վասիլիս Մարագոսը կարևորել է Կառավարության՝ մի շարք ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու հանձնառությունը և Եվրոպական միության բազմակողմանի աջակցությունն է հայտնել այդ նախաձեռնությունների իրականացման հարցում: