Ագարակի կոմբինատը կոչ է անում պատգամավորներին ձեռնպահ մնալ ընկերության հասցեին հնչեցվող անհիմն մեղադրանքներից
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության կոչը Հայաստանի Հանրապետության կառավարությանը մասնակցել «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»-ում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։
Տարածած հայտարարության մեջ ընկերությունը կոչ է անում իրավասու մարմինների մասնակցությամբ կազմել բազմակողմ հանձնաժողով «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»-ում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով։
Ըստ ընկերության, հուլիսի 3-ից Տեխնոլոգիական տրանսպորտի աշխատակիցների աշխատանքի չներկայանալու հետևանքով Կոմբինատի աշխատանքը դադարել է՝ կաթվածահար անելով արտադրության պրոցեսը։ Կոմբինատի աշխատակիցները, աշխատանքային պայմանագրի խախտումով, առաջադրում են լրացուցիչ դրամական միջոցներ վճարելու պահանջ, ինչը երկկողմանի պայմանագրերով նախատեսված չէ։ Արտադրության դադարի հետևանքով կոմբինատը, տեղական համայնքային և ՀՀ պետական բյուջեն զգալի նյութական վնասներ կկրեն։
«Ագարակի կոմբինատի ղեկավարությունը կոչ է անում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին ձեռնպահ մնալ ընկերության հասցեին հնչեցվող էմոցիոնալ և անհիմն մեղադրանքներից և հայտնում է, որ կոմբինատը ամբողջությամբ կատարում է իր բոլոր պարտավորությունները կոմբինատի աշխատակիցների, համայնքային և ՀՀ պետական բյուջեի նկատմամբ, այդ թվում, աշխատավարձի, արտաժամյա աշխատանքի և հավելավճարների վճարման իր պարտավորությունները։
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը, լինելով Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը, պետական մարմիններին կոչ է անում Կառավարության իրավասու մարմինների մասնակցությամբ կազմել բազմակողմ հանձնաժողով՝ ստեղծված իրավիճակը իրատեսորեն ուսումնասիրելու և լուծման ուղիներ որոնելու նպատակով»,-ասված է հայտարարության մեջ։