Դեսպան Անահիտ Հարությունյանն իր հավատարմագրերը հանձնեց Կանադայի գեներալ-նահանգապետին
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանն իր հավատարմագրերն է հանձնել Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետին (Julie Payette):
ԱԳ նախարարությունից հայտնում են, որ գեներալ-նահանգապետը շնորհավորել է Հայաստանի դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթել կարևոր առաքելության իրականացման գործում:
Անդրադառնալով Հայաստանի և Կանադայի միջև գոյություն ունեցող ջերմ բարեկամական հարաբերություններին` Ժուլի Պայետը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործուն ներդրումը կունենա երկկողմ կապերի ամրապնդման և խորացման գործում:
Շնորհակալություն հայտնելով գեներալ-նահանգապետին բարեմաղթանքների համար՝ Անահիտ Հարությունյանը վստահեցրել է, որ իր գործունեությունն ուղղված է լինելու երկկողմ կապերի խորացմանը և փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը: Անդրադառնալով անցած տարի Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Հայաստան պաշտոնական այցին` դեսպան Հարությունյանն ընդգծել է, որ առ այսօր առանձնակի ոգևորությամբ ու ջերմությամբ հիշվող այդ պատմական իրադարձությունը նոր շունչ և որակ է հաղորդել հայ-կանադական գործընկերությանը:
Զրուցակիցները բարձր են գնահատել Կանադայի հայ համայնքի դերը երկկողմ բարեկամական կապերի ձևավորման և զարգացման գործում:
Անահիտ Հարությունյանը վերահաստատել է Հայաստանի իշխանությունների և հայ ժողովրդի երախտագիտությունը Կանադայի օրենսդիր և գործադիր մարմինների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, ինչպես նաև ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանելու համար:
Գեներալ-նահանագապետի պաշտոնական նստավայրում` Քվեբեկ քաղաքի պատմական ամրոցում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը հաջորդել է Ժուլի Պայետի և Անահիտ Հարությունյանի առանձնազրույցը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները