Ադրբեջանը պատասխանել է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական միջոցներ տրամադրելու արգելքի նախաձեռնությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է նախօրեին ԱՄՆ Կոնգրեսում կոնգրեսական Բրեդ Շերմանի հայանպաստ օրենսդրական նախաձեռնության հաստատմանը, որով ԱՄՆ-ին արգելվում է Ադրբեջանին տրամադրել այնպիսի ռազմական միջոցներ, որոնք կարող են օգտագործվել Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից մեկնած քաղաքացիական օդանավերը խոցելու համար:
«Ադրբեջանը մինչ այժմ ԱՄՆ-ից զենք ձեռք չի բերել և ունի այլ երկրներից առաջատար ռազմական տեխնիկա գնելու կարողություն»,- այս մասին, ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ասվում է ՊՆ հայտարարության մեջ։
Պաշտպանության նախարարությունը նշում է, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերն ունեն հակաօդային պաշտպանության տարբեր միջոցներ, որոնք կարող են պաշտպանել երկրի օդային տարածքը և, անհրաժեշտության դեպքում, անմիջապես պատասխան տալ:
«Կոնգրեսական Շերմանը, հավանաբար, պետք է իմանա, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է և այն փաստը, որ երկար տարիներ գործում է ԻԿԱՕ արգելքն այս տարածաշրջանում քաղաքացիական ավիացիայի թռիչքների համար՝ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով», - ասվում է հայտարարության մեջ: