Ասում են՝ հեղափոխությունն արեցին Սորոսը, Պողոսը, Պետրոսը. Նիկոլ Փաշինյան
«Ամենամեծ հեղափոխությունն ինձ համար տեղի է ունեցել այն ժամանակ , երբ ես բանտում էի»,- այս մասին այսօր «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոն կատարած այցելության ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ընդհատակում եղած ժամանակ ինքն ամենամեծ տպաքանակ ունեցող թերթի խմբագիրն էր, և երբ 3,5 տարի անցկացրել է ընդհատակում և բանտում, դուրս գալուց հետո պարզել է՝ տպագիր թերթ հասկացությունը դարձել է անիմաստ. «Դա իմ ամենամեծ շոկն էր»:
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հեղափոխության ժամանակ իշխանության համար իրավիճակը դարձավ անկառավարելի, երբ պարզվեց, որ դպրոցականները դուրս են եկել փողոց և ուզում են անել հեղափոխություն:
«Մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ ամենակարևոր հասկացություններն են ընտանիք, երեխա, օջախ: Երբ ծնողները տեսան, որ դուրս են եկել իրենց երեխաները և նրանց վտանգ է սպառնում, ծնողն ի՞նչ պետք է անի, պետք է զանգի ու ասի՝ շուտ տուն արի: Իսկ երեխաներն իրար նայելով, մեկը մյուսից ամաչելով չեն գնում տուն: Եւ ինչ պետք է անեին ծնողները, պետք է դուրս գային և իրենց երեխաների կողքը կանգնեին: Եվ արդյունքում պարզվեց, որ ամբողջ Հայաստանը կանգնած է հեղափոխության շարքերում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձավ նաև քննադատություններին, թե հեղափոխության թիկունքում կոնկրետ ուժեր էին կանգնած. «Ասում են՝ Սորոսը, Պողոսը, Պետրոսը, Արևմուտքը, Հյուսիսը, Հարավը: Ես ասում եմ՝ սա մաքուր, գենետիկ մակարդակում հայկական հեղափոխություն է: Այստեղ օտար ԴՆԹ-ի նշույլ անգամ չկա: Միակ օտար բանը, որ մեր հեղափոխությունում եղել է, դա «Այֆոնն» ու Ֆեյսբուքն էին: Սա եղել է մաքուր հայկական հեղափոխություն, որը հենված էր հայկական ավանդական արժեքների վրա, բայց այդ արժեքներին հաղորդել է 21-րդ դարի բնույթ»:
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ այսօր Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց. «Այդ մեկ մարդը դու ես, այդ մեկ մարդը ես եմ»:
Վարչապետի խոսքով՝ այսօր շատ են խոսում օրենքի մասին, թե պետք է խիստ օրենք լինի: «Առաջին հերթին շատ ավելի կարևոր է, թե մեզնից յուրաքանչյուրը ինքն իրեն ինչքանով է սահմանափակում որպես լրագրող, որպես խմբագիր, որպես պատգամավոր, որպես վարչապետ ու նախարար: Մենք պետք է ունենանք ներքին արգելակներ: Կոռումպացված պաշտոնյան չկոռումպացվածից տարբերվում է մի պարզ բանով. չկոռումպացված պաշտոնյան ունի շատ ուժեղ ներքին արգելակներ՝ արժեքները, իսկ կոռումպացված պաշտոնյայի տորմուզի կալոդկեքը մաշած են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Դուք ընդհանրապես Ձեզ հետ հանդիպելու ձևաչափ չունեք. Լոռեցի երիտասարդը՝ վարչապետին
- Հեղափոխությունը մեր երեխաներին ասում է մի բան՝ դուք կարող եք փոխել աշխարհը. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ