Էրդողան. «Ասում էին, թե չենք կարողանալու գնել S-400-ները, չգնեցի՞նք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, նախօրեին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում, մասնակցելով հեղաշրջման փորձի 3-րդ տարելիցին նվիրված միջոցառմանն, անդրադարձել է Ռուսաստանից գնված «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի խնդրին։
Վերջին մի քանի օրվա ընթացքում Ռուսաստանը բեռնատար ինքնաթիռներով Թուրքիային է ուղարկում այդ համակարգերի մասերը։
«S-400-ների մասերով բեռնված ինքնաթիռները հերթով վայրէջք են կատարում Թուրքիայում։ Արդեն 8 ինքնաթիռ է վայրէջք է կատարել։ Մյուսներն էլ գալիս են։ Ասում էին, թե չենք կարողանալու գնել, ինչ է, չգնեցի՞նք դրանք, մոնտաժային աշխատանքները չսկսեցի՞նք, ըստ օրացույցի չե՞նք աշխատում։ Ալլահի կամոք 2020-ին այդ համակարգերն ամբողջովին տեղակայված կլինեն։ Սա ոչ թե հարձակողական, այլ պաշտպանական զինատեսակ է։ S-400-ները լավագույն զենքն են բոլոր նրանց դեմ, ովքեր կցանկանան հարձակվել մեր երկրի վրա»,-ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Թուրքիային բազմիցս զգուշացրել է, որ Անկարայի համար հետևանքները ծանր են լինելու։ Վաշինգտոնը զգուշացրել է, որ Թուրքիայի դեմ կիրառվելու են պատժամիջոցներ։