ԼՂ ադրբեջանական համայնքի «ռեբրենդինգի» հետքերով
2018թ. դեկտեմբերից այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական» համայնքը գլխավորում է Թուրալ Գանջալիևը՝ Ադրբեջանի ԱԳՆ երիտասարդ աշխատակից, ով ներկայանում է որպես Շուշեցի։ Այս նշանակումը բավականին հետաքրքիր էր թե՛ ժամկետի, թե՛ նշանակված անձի տեսակետից։ Երիտասարդ դիվանագետի «ընտրությունն» այս պաշտոնում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ անցյալ տարվա դեկտեմբերին Միլանում տեղի ունեցած հանդիպումից մի քանի օր հետո։ Միլանյան հանդիպումից հետո ընդունվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի նախարարների համատեղ հայտարարությունը։ Քիչ հանդիպող երևույթ ԼՂ բանակցային գործընթացում։ Ավելին, հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել էր, որ «Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանն առաջին անգամ հասանք փոխըմբռնման, ինչը մեզ չէր հաջողվում երկար ժամանակ»։
Ահա բանակցային այս դրական դինամիկայի ֆոնի վրա Գանջալիևի նշանակումը որոշ փորձագետներ ներկայացնում են որպես Ադրբեջանի կողմից նախապատրաստական քայլ՝ ԼՂ հետ ուղիղ երկխոսության մեջ մտնելու համար։
Հիշենք, որ Հայաստանի նոր իշխանությունները պնդում են, որ պետք է վերականգնվի բանակցային լիարժեք ձևաչափը և Լեռնային Ղարաբաղը պետք է ուղղակիորեն ներգրավվի բանակցային գործընթացում։ Բնականաբար, այս մոտեցմանը կտրականապես դեմ է Ադրբեջանը, ով շարունակում է պահպանել ժամանակավրեպ այն դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղը մնում է Ադրբեջանի շրջան, ու առկա խնդիրների քննարկելու համար պետք է ներգրավել ԼՂ հայկական ու ադրբեջանական համայնքներին։
Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը պատրաստ չէ ուղիղ, հավասար-հավասարին երխոսել Արցախի հետ, բայց պատրաստ է դա անել «ադրբեջանական համայնքի» մակարդակով, ուստի և ուժեղացվում է այդ կառույցի կարողությունները՝ գործող դիվանագետին նշանակելով դրա ղեկավար։ Ի դեպ, Թուրալ Գանջալիևը բավականին արագ մտել է իրեն վերապահված քարոզչական դերի մեջ՝ ակտիվ է սոցիալական ցանցերում, ելույթներ է ունենում տարաբնույթ միջոցառումներին, երբեմն պատասխանում է Արցախի նախագահի խոսնակի մեկնաբանություններին։
Այս զարգացումները տեղիք են տվել որոշ փորձագետների եզրակացնելու, որ Ադրբեջանը կարող է գնալ բանակցային ձևաչափի փոփոխման՝ պայմանով, որ Արցախի իշխանություններից բացի դրանում ներառվեն նաև «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը»։ Նման ենթադրությունների առիթ տվեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ս.թ. մայիսի 30-ի հայտարարությունը, որտեղ նշվում է, որ համանախագահներն հանդիպել են ԼՂ փաստացի իշխանությունների և «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի նախագահի» հետ։
Ադրբեջանի «համայնքային երկխոսության» թեզը նոր չէ, և ամեն անգամ վեր է հանվում՝ Արցախի սուբյեկտության շուրջ քննարկումների համատեքստում։
Անկախ հետագա զարգացումներից, մի բան պետք է հստակ ամրագրել, որ Արցախի հանրապետությունն ու «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչված հասարակական կազմակերպությունը հավասարազոր գործընկերներ չեն երկխոսության համար։
Դրանք ծագումնաբանորեն ու գոյաբանորեն տարբեր կառույցներ են և չեն կարող հավասարեցվել ո՛չ իրենց կարգավիճակով, ո՛չ գործառություներով։ Բոլոր հնարավոր քննադատություններով հանդերձ՝ Արցախը պետություն է, թեկուզև չճանաչված։ Այն քաղաքական կազմակերպություն է, որ քաղաքական իշխանություն է իրականցնում որոշակի տարածքի վրա, ընտրությունների միջոցով ձևավորում է այդ իշխանությունները և ունի ինքնիշխան միավորին բնորոշ ատրիբուտիկա։ Իսկ ճարտարախոս Թուրալ Գանջալիևի ղեկավարած կառույցը, եթե ձերբազատվի պրոպագանդիստական գործառույթներից, կարող է լավագույն դեպքում դառնալ ոչ կառավարական կազմակերպություն։ Ուստի, Ադրբեջանի իշխանությունները, եթե իրոք ուզում են «բովանդակային բանակցություններ», ապա պետք է իրենք էլ փոխեն իրենց դիրքորոշումները, և ոչ թե ստեղծեն ինչ-որ սուրոգատ կառույց և դրա միջոցով փորձեն խարխլել ԼՂ բնակչության սեփական ձայնով հանդես գալու իրավունքը։