Վայոց ձորի մարզում արջը վնասներ է հասցրել
Հուլիսի 17-ին, ժամը 14:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս.թ. հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերն արջը Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում վնասել է 5 ծիրանենի: ԱԻՆ հաղորդմամբ, այսօր ժամը 10:00-ին կրկին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս.թ. հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերն արջը վնասել է Վայոց ձորի մարզի Շատին գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի հողամասի ցանցե ցանկապատը:
Ստացված տեղեկությունները փոխանցվել են մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին։
Արենիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ վերջին շրջանում համայնքի տարածքում կտրուկ ավելացել է վայրի կենդանիների կողմից բնակիչներին նյութական վնաս հասցնելու դեպքերը։ Այդ հարցերը քննարկելու նպատակով այսօր Արենիի համայնքապետարանում կայացել է հանդիպում, որին մասնակցել են համայնքի վարչական տարածքում բնապահպանական գործունեություն իրականացնող հիմնադրամների տնօրենները, ներկայացուցիչներ մարզպետարանի գյուղբաժնից և ոստիկանությունից, այլ շահագրգիռ և պատասխանատու կազմակերպություններ։ Հիմնական անդրադարձը կատարվել է Արփի բնակավայրում արջի անոմալ պահվածքին և դրա կանխարգելման հնարավոր միջոցներին։ Բնապահպանական հիմնադրամների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնեկ աջակցել արջի բոլոր հնարավոր միջոցներով մեկուսացման հարցում, եթե լինի ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան թույլտվությունը։ Համայնքի ղեկավարը կարգադրել է անմիջապես գրավոր կերպով այդ հարցը ներկայացնել համապատասխան նախարարությանը։ Քննարկվել է նաև բնակիչների կրած նյութական վնասի հատուցման հարցը։