Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Սենատի հանրապետական ղեկավար Միչ Մաքքոնելի հետ
Հուլիսի 16-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է House Democracy Partnership կազմակերպության Առաջնորդների ֆորումի աշխատանքներին: ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության հաղորդմամբ, ֆորումի ընթացքում Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել «Օրենսդիր մարմինների դերը. օրենսդիր մարմինների անկախության կարևորությունը բռնապետության վտանգի կանխման համատեքստում» թեմայով՝ ներկայացնելով նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունն ու խորհրդարանի օրակարգում գտնվող բարեփոխումները:
Ֆորումի աշխատանքների առաջին օրը ելույթով հանդես է եկել նաև ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսելով աշխարհում ժողովրդավարությանը սպառնացող վտանգների մասին:
Աշխատանքային օրվա ընթացքում հայկական պատվիրակության անդամներն ակտիվ շփումներ են ունեցել ինչպես ԱՄՆ խորհրդարանականների, այնպես էլ շուրջ երկու տասնյակ այլ երկրների իրենց գործընկերների հետ:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նախօրեին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Սենատի մեծամասնության հանրապետական ղեկավար Միչ Մաքքոնելի հետ: ԱԺ խոսնակը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը հաջորդող քաղաքական զարգացումները` ընդգծելով այս փուլում ԱՄՆ-ի կողմից մեր երկրին աջակցության կարևորությունը: Կողմերը քննարկել են Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության մեծացման հնարավորությունները, երկրի արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային կայունությանը, էներգետիկ անվտանգությանը և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցեր:
Արարատ Միրզոյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է Ազգային ժողովրդավարական և Միջազգային հանրապետական ինստիտուտների կողմից Հայաստանի Ազգային ժողովի հետ համատեղ ծրագրերի կարևորությանը, որոնք ուղղված են խորհրդարանի կարողությունների զարգացմանն ու բարեփոխումների օրակարգին նպաստելուն:
Կողմերը մեծապես կարևորել են հայ-ամերիկյան հարաբերություններում առկա մեծ ներուժի բացահայտումն ու այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում