Վրաստանի Կրոնի գործակալության նախագահն ընդունել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահին
Նախօրեին Վրաստանի կառավարական նստավայրում կայացել է հանդիպում Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեի և Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի միջև: Հանդիպումը ծանոթության բնույթի էր:
akhaltskha.net-ը գրում է, որ Զազա Վաշախմաձեն հգշ. Տեր Կիրակոս վարդապետին շնորհավորել է Վիրահայոց թեմի նոր ղեկավար նշանակվելու կապակցոսւթյամբ և հաջողություններ մաղթել առաջնորդական ծառայության գործում:
Կրոնի գործակալության նախագահը անդրադարձ է կատարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վրաց Ուղղափառ Եկեղեցու դարավոր բարեկամությանը, Վրաստանում տարբեր կրոնական կազմակերպությունների հաջող գործունեությանը: Զազա Վաշախմաձեն իրազեկել է նաև Վրաստանի պետության կողմից վերջին տարիներին իրականացված կրոնական քաղաքականության, Կրոնի գործակալության գործունեության, ի մասնավորի կրոնական կազմակերպությունների ֆինանսավորման, պաշտամունքային շինությունների վերադարձի և այլ նախագծերի մասին:
Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը գործակալության նախագահին շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նշել, որ լինելով այս հող ու ջրի զավակ իրեն հարազատ են երկու քրիստոնյա ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամությունը և Վրաց Ուղղափառ և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիների դերն ու ավանդը հարևան ժողովուրդների բարի դրացիական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում: Հոգշնորհ Հայր Սուրբը Կրոնի գործակալության հետ սերտ համագործակցության ցանկություն է հայտնել:
Վիրահայոց թեմը 2002 թվականից ղեկավարում էր Գրշ. Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ով 2019 թվականին, իր դիմումի համաձայն, ազատվել է առաջնորդական ծառայությունից: 2019 թվականի հունիսի 15-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ նշանակվել է հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը: Հգշ. Հայր Սուրբը ծնվել է 1982 թվականին, Թբիլիսիում, իր հոգևոր ծառայությունն իրականացրել է Վրաստանում, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի, ինչպես նաև Ռուսաստանի հայոց թեմերում:
Հարակից հրապարակումներ`
- Նորանշանակ առաջնորդն առաջին պատարագն է մատուցել Վիրահայոց թեմում
- Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ազատվել է Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնից
- Վիրահայոց թեմի առաջնորդը հեռանում է պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին