Ջերմուկցիներին տեղեկացրել են՝ քննչական գործողություններին խորչընդոտելը նախատեսում է քրեական պատասխանատվություն
Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ՔԿ նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Սամվել Ավետիսյանն այսօր ընդունել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի մի խումբ բնակիչների, ինչպես նաև՝ բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:
ՔԿ-ից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է 2019 թվականի հուլիսի 13-ին տեղի ունեցած միջադեպը, երբ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական, ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել էին այց Ամուլսարի հանք, սակայն հանքի շահագործմանը դեմ արտահայտվող քաղաքացիներն արգելել էին խմբի մուտքը հանքի տարածք:
Ըստ աղբյուրի, քննարկման ընթացքում քաղաքացիները վստահեցրել են, որ նախորդ շաբաթ տեղի ունեցածն ուղղված չի եղել նախաքննական մարմնի գործողությունների դեմ, և որ իրենք ևս շահագրգռված են՝ արդյունավետ քննություն կազմակերպելու գործում: Հանդիպման մասնակիցները հայտնել են, որ այսուհետ արգելք չեն հանդիսանա նախաքննական մարմնի գործողությունների իրականացմանը:
Քննարկման ընթացքում քաղաքացիները ներկայացրել են իրենց մտահոգությունները Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման հարցի շուրջ և իրենց հարցերն են ուղղել՝ հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության վերաբերյալ:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը յուրաքանչյուր հարցով ներկայացրել է Կոմիտեի դիրքորոշումը և տվեց սպառիչ պատասխաններ: Միաժամակ պարզաբանվել է, որ քննչական գործողություններին խորչընդոտելը նախատեսում է քրեական պատասխանատվություն: