ՔԿ նախագահ. Նախաձեռնել եմ փոփոխություններ, որը կհանգեցնի հանցավորության դեմ ավելի արդյունավետ պայքարի
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել է Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստին:
ՔԿ-ից հայտնում են, որ Հայկ Գրիգորյանը կարևորել է եռակողմ ձևաչափով համագործակցությունը և շեշտել, որ ՀՀ Քննչական կոմիտեի և հարևան երկրների քննչական կոմիտեների հետ հարաբերությունները կրում են վստահելի և կառուցողական բնույթ:
«2014 թվականից ի վեր մենք կանոնավոր կերպով հանդիպում ենք միջգերատեսչական փոխգործակցության շրջանակներում և պետք է առանձնահատուկ նշեմ, որ համատեղ կոլեգիաների անցկացման պրակտիկան ցույց է տվել իր անհերքելի արդյունավետությունը և կառուցողականությունը մեր պետությունների քննչական կոմիտեների փոխշահավետ համագործակցության զարգացման և ամրապնդման պլանում:
Անցած տարվա ընթացքում մեր կողմից անցկացվել են լայնածավալ աշխատանքներ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործունեության արդյունավետության և արգասավորության բարձրացման համար:
Ես նախաձեռնել եմ փոփոխություններ Հայաստանի քննչական կոմիտեի կառուցվածքում, որը վերջնական արդյունքում կհանգեցնի ջանքերի օպտիմիզացման և հանցավորության դեմ ավելի արդյունավետ պայքարի: Նաև կատարվում են հետևողական աշխատանքներ ինչպես ռուսական, այնպես էլ՝ մեր բելառուս գործընկերների հետ միջազգային իրավական համագործակցության բարեհաջող զարգացման և ամրապնդման համար»,-նշել նա։