Տոնոյան. Չեմ կարծում, որ մեր զինծառայողը պետք է ավելի էժան սնունդ ուտի
«Երեք տարվա ընթացքում պետք է հասնենք այն արդյունքի, որ բոլոր զորամասերում նույն ձևաչափով իրականացվի սնունդը, ապահովի սննդի կազմակերպումը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով արդեն փորձարկված պետական-մասնավոր գործընկերությամբ զորամասերում զինվորների սնունդը նոր կարգով ապահովելու ծրագրի մասին հարցին, մասնավորապես տեղեկություններ կան, որ ընկերության սեփականատերը, որը հիմա մատակարարում է կատարում, ձեր մտերիմ ընկերն է։
Նա նշեց, որ այս պահին չորս զորամասում է այդ ծրագիրն իրագործվում, նախապատրաստական աշխատանք է գնում հինգերորդում, որը բավականին հեռավոր է, ընդգրկված է մարտական հերթապահության մեջ։ Նախարարի խոսքով, գործընթացը կամաց-կամաց է լինելու։
«Հաղթող է ճանաչված վեց կազմակերպություն, հավասար պայմաններում իրականացնելու են սննդի կազմակերպումը։ Կան նաև «բողոքող» կազմակերպություններ, որոնք հաղթող կազմակերպություններին կապում են իմ հետ։ Չեմ ժխտում, որ կազմակերպության ղեկավարն իմ խնդրանքով է դա կատարում հիմա, որովհետև այլ վստահելի տարբերակ չունեի։ Իսկ դուք պատկերացնում եք, որ զինծառայողի սննդի հետ է կապված լինելու։ Եթե ինքը չհաջողվի, չեմ հաջողվելու նաև ես։ Կան սննդի կազմակերպչական խնդիրներ, նաև վարչարարության խնդիրներ։ Իրենք զբաղվում են վարչարարությամբ, սննդի կազմակերպմամբ զբաղվում են պրոֆեսիոնալները, նաև կան հրավիրված մասնագետներ»,- ասաց նա։
Դ. Տոնոյանն ասաց, որ երբ մնացած հինգ կազմակերպություններն անցնեն գործի, զորամասերն արագ կավելանան։ Հարցին, թե վտանգավո՞ր չէ այդ կազմակերպություններին տրամադրել տվյալներ, նախարարն ասաց, որ ոչ, որևէ մեկն ամբողջական պատկեր չունի, իրենք ունեն ԱԱԾ հատուկ թույլտվություններ։
Դ. Տոնոյանի խոսքով, բոլոր երկրներում անցում են կատարում սննդի կազմակերպման այդ ձևաչափին, լավագույն տարբերակն է, երբ որ պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում սննդի որակը բարձրացվում է։
«Դա ակնհայտ է լինելու։ Չեմ կարծում, որ մեր զինծառայողը պետք է ավելի էժան ուտի»,- ասաց Դ. Տոնոյանը։
Նախարարը նշեց, որ կա ֆինանսական որոշակի ավելացում, գումարների օպտիմալ ծախսում։
«Երեք տարի հետո նոր կկարողանանք խոսել, թե որն է ավելի թանկ, բայց որ ավելի որակով է, ես փաստում եմ»,- ասաց պաշտպանության նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- «Հայոց բանակն այն հիմնական տեղն է, որտեղ ՀՀ քաղաքացիներին սովորեցնում են հաղթելու արվեստը, հաղթելու հմտությունը»
- Փաշինյան. Զինված ուժերում փորձարկվում է մասնավոր ընկերությունների միջոցով զինվորների սննդի կազմակերպումը