Լավին շուտ ես սովորում․ Տոկաևը Ղազախստանի նախագահ լինելու մասին
Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը պատմել է, թե ինչպես է ինքն ընկալում պետության ղեկավարի պաշտոնը։ Այս մասին գրում է Tengrinews-ը:
«Առաջին օրերին ինչ-որ չափով անսովոր էր, հատկապես հանրային միջոցառումների ժամանակ, երբ ասում էին «նախագահ, նախագահ»։ Ես նայում էի շուրջս, մտածում էի Նուրսուլթան Աբիշևիչն է եկել։ Բայց գիտեք, սա ժամանակի հարց էր, լավին շուտ ես սովորում»,- ասել է Տոկաևը ռուս լրագրող Ալեքսեյ Պիվովարովին տված հարցազրույցում:
Տոկաևը նաև նշել է, թե նախագահական բեռը շատ ծանր է, պետք է պատասխանատու լինել ողջ պետության, ժողովրդի անվտանգության ու բարեկեցության համար:
«Այնուամենայնիվ, նախագահական պարտականությունները նաև պատվաբեր են, ինչ թաքցնեմ։ Մարդիկ ամեն օր չեն դառնում նախագահներ, հատկապես մեր իրավիճակում, ռեժիմում», - ավելացրել է Տոկաևը:
Հիշեցնենք, որ Տոկաևը նախագահ դարձավ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո, որը նախագահում էր 1991թ․-ից մինչև 2019թ․-ի մարտի 19-ը։