Որոշ մարդիկ անցյալում կարծել են, որ օրենքից վեր են․ ԵՄ դեսպան
«Կառավարության գործողությունների գնահատողը դուք պետք է լինեք, այլ ոչ թե ես։ Հետևաբար, շատ դիվանագիտորեն պետք է մոտենամ ասածներիս, բայց անձնապես կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել անցած տարվա ընթացքում, շատ կարևոր երևույթ է։ Տեղի ունեցածի ժառանգությունը պետք է պաշտպանել»,-այսօր դիվանագիտական առաքելության ավարտի մամուլի ասուլիսում ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Դեսպանը կարծում է, որ արդեն շատ դրական երևույթներ են տեղի ունեցել։ Նախևառաջ, շատ հստակ, վստահ առաջընթացը ընտրություններում, որը դեպի ժողովրդավարություն առաջին քայլն է։
«Հայաստանը վերջին ընտրություններով ժողովրդավարական զարգացման աննախադեպ մակարդակ է ապահովել, բայց պետք է անել հաջորդ քայլը։ Կարող եք հպարտանալ այն ամենով, ինչ տեղի է ունեցել Հայաստանում դեկտեմբերին», - նշեց դեսպանը։
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Սվիտալսկին ասաց, որ Հայաստանն այս ոլորտում ամուր քաղաքական կամք է ցուցաբերել, որն անհրաժեշտ պայման է՝ առանց որի հնարավոր չէ պայքարել կոռուպցիայի դեմ։
«Այդ չափազանց կարևոր քայլը դուք արդեն ձեռնարկել եք, որը պետք է պահպանել ու ստեղծել ինստիտուցիոնալ հենք՝ նոր օրենքներով»,-ասաց Սվիտալսկին։
Հաջորդ կարևոր ձեռքբերումը, ըստ դեսպանի, անպատժելիության զգացումի վերացումն է։
«Որոշ մարդիկ անցյալում կարծել են, որ օրենքից վեր են։ Կարծում եմ, Հայաստանի սովորական քաղաքացիները մեծապես գնահատել են, որ ձերբազատվել են այդ զգացողությունից, որ երկրում կան օրենքից վեր մարդիկ կամ նման վարք ունեցող մարդիկ։Անպատժելիության վերացումը, հավասարությունը օրենքի առջև առաջին քայլն է։ Այժմ ժամանակն է կառուցելու անկախ, մաքուր, անբիծ ու արդյունավետ դատաիրավական համակարգ, ինչը լուրջ առաջադրանք է», - նշեց ԵՄ դեսպանը։
Սվիտալսկին կարծում է, որ յուրաքանչյուր իշպանություն ապահովագրված չէ սխալներից, բայց դրանք պետք է ճանաչել, ուղղել։ Այս գործում դեսպանը կարևորեց նաև ազատ մամուլի դերը՝ որպես իշխանության 4-րդ ճյուղ, որը հարկավոր է նաև կառավարությանը։
Խոսելով Հայաստանում հեղափոխությունից հետո մամուլի ազատության մասին, դեսպանը ասաց, որ հետևում են այս ոլորտում իրավիճակին ու ասաց, որ ու ԵՄ-ն առաձին նախաձեռնություն է իրականացնում մամուլին աջակցելու ուղղությամբ։ Դեսպանը կարծում է, որ մամուլի ազատության մակարդակը հեղափոխությունից հետո աճել է, ընդհանուր միջավայրը՝ բարելավվել։
Հարակից հրապարակումներ`
- ԼՂ կարգավորման հարցում ԵՄ դիրքորոշումը մնում է նույնը․ Սվիտալսկի
- ՀՀ-ում ԵՄ դեսպան․ Այս պահին ՀՀ-ԵՄ հարաբերությունները գերազանց են
- Սվիտալսկի․ԵՄ-ն ֆինանսական աջակցություն կտրամադրի դատական բարեփոխումներին