Ես վատ չեմ զգում այս մենության մեջ. Տիգրան Պասկևիչյան
«Մեդիա կենտրոն»-ում այսօր քննարկում էր կազմակերպվել «Ծառայու՞մ է հանրությանը Հանրայինը» թեմայով, որին հրավիրված բանախոսների թվում էին սցենարիստ, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, «Հայեր» մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը, Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը։ Նշվածներից քննարկմանը ներկայացել էր միայն Տիգրան Պասկևիչյանը։
Քննարկամ մոդերատորը տեղեկացրեց, որ Արա Շիրինյանը իրենց հետ զրույցում հայտնել է, որ փոփոխությունների ներկա փուլում դեռևս նպատակահարմար չի համարում քննարկել Հանրայինի խնդիրները, Աշոտ Մելիքյանն էլ ասել է, որ անձնական խնդիրների պատճառով չի կարող մասնակցել, իսկ պատգամավոր Թևոսյանն էլ մի քանի պատճառներ է նշել չգալու՝ այդ թվում նաև այն, որ խմբակցության նիստ ունեն։
Արայիկ Մանուկյանն էլ իր մասնակցությունը կոռեկտ չի համարել առանց Արա Շիրինյանի։
«Ես վատ չեմ զգում այս մենության մեջ, քանի որ այստեղ հանդես եմ գալիս ոչ թե որպես փորձագետ, մասնագետ, այլ որպես քաղաքացի»,- ասաց Պասկևիչյանը։
Նա հիշեցրեց, որ մինչև 2000 թվականը այսօրվա Հանրայինը պետական հեռուսատեսություն էր ժառանգված Խորհրդային միությունից. «Ես աշխատել եմ մի կառույցում, որն իր բոլոր ենթաճյուղերով սովետական կառույց էր և մեր նպատակն էր դա փոխել ինչ-որ ձևով, սկայան ժամանակը կարճ եղավ և փոխելու հնարավորությունը չստեղծվեց։ Բայց այն ժամանակ ևս կար որոշակի ճնշում հեռուստատեսության վրա։ Այսօր ևս Հանրայինը շարունակում է մնալ նույն կառույցը և շարունակում է առիթ տալ իշխանության տարբեր թևերին նման գայթակղությունների»։
Անդրադառնալով իր կողմից ուղղված բաց նամակին՝ նա ասաց. «Իմ գրածի մեջ անձնական որևէ խնդիր չկա։ Չի կարող լինել անձնական խնդիր Արա Շիրինյանի հետ, քանի որ նա իմ 30 տարվա ընկերն է, որից 24 տարին մենք անընդհատ միասին ենք աշխատել, իսկ Մարգարիտա Գրիգորյանի հետ չի կարող անձնական խնդիր լինել մի պարզ պատճառով, քանի որ ես մայիսի 1-ին երբ անցել եմ աշխատանքի նրան երևի երկու անգամ եմ տեսել, և անձամբ չեմ ճանաչել։ Այսինքն խնդիրը այն է, որ ես ընդունելով Արա Շիրինյանի առաջարկը՝ դառնալ իր խորհրդականը, մտա և սկսեցի ուսումնասիրել այդ համակարգը, և ուսումնասիրելով, հանգեցի այն եզրակացության, որ պետք է փոփոխություններ սկսել ամենավերևից, պետք է փոխել ղեկավար կազմը և մնացածը ձևավորել մրցույթի միջոցով»։
Նա նշեց, որ իր աշխատանքի ընթացքում այնպիսի տպավորություն է ստացել, որ Հանրային հեռուստաընկերության հաստիքացուցակը բավականին ուռճացված է, աշխատավարձները անհամապատասխան են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին