Դատախազություն. Աննա Հակոբյանի գրասենյակի հայտարարությունը հանցակազմ չի պարունակում
Գլխավոր դատախազությունը գտնում է, որ Հայաստանի վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակի հայտարարությունը հանցակազմ չի պարունակում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Մինչդեռ Աննա Հակոբյանի գրասենյակից Armdaily-ին հայտնել էին, որ իրենց տեղեկություններով Աննա Հակոբյանի դեմ լուրը պատվիրել է «նախկին կուռումպացված համակարգի մի բարձրաստիճան պաշտոնյայի որդի, որը կլորիկ գումար է վճարել լուրի հրապարակման համար»։
Ըստ աղբյուրի, գրասենյակից նաև ասել էին. «Նաև տեղեկություններ ունենք, որ մի շարք քաղաքական գործիչներ և գործարարներ բողոքում են, որ որոշ լրատվամիջոցներ կլորիկ գումարներ են պահանջում իրենց մասին ստահոդ, լկտիաբար հորինված լուրեր չտպագրելու համար։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ կան նաև լրատվամիջոցներ, որոնք փողի դիմաց կեղծ լուրեր տպագրելու պատվերներ են ընդունում հրապարակումների հերոսների քաղաքական հակառակորդներից»: