Վարկառուներին հնարավորություն կտրվի հիփոթեքային արձակուրդ վերցնել
ՀՀ կառավարությունը մշակել է նախագիծ, որով առաջարկում է հիփոթեք վերցրած անձանց՝ «կյանքի դժվարին իրավիճակում» հայտնվելու դեպքում 6 ամսով հետաձգել վարկի մարումները։
Ինչպես տեղեկացնում է e-draft իրավական ակտերի, նախագծերի միասնական կայքը, նախագծով «կյանքի դժվարին իրավիճակներում» հայտնված վարկառուներին տրվում է հիփոթեքային արձակուրդ վերցնելու մեկանգամյա հնարավորություն:
Նախագծով առաջարկվում են հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1.«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում է «հիփոթեքային արձակուրդ» հասկացությունը և դրա տրամադրման առնչությամբ առանցքային դրույթները:
2.«Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով «կյանքի դժվարին իրավիճակներում» հայտնված վարկառուներին տրվում է հիփոթեքային արձակուրդ վերցնելու մեկանգամյա հնարավորություն: Միաժամանակ, սահմանվում է կրեդիտավորողի պարտավորությունը՝ հիփոթեքային արձակուրդի տրամադրման պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը կրեդիտավորման պայմանագրում ներառելու:
Նախագծով սահմանվում են նաև այն պայմանները, որոնք համարվում են «կյանքի դժվարին իրավիճակ»: Այդ պայմաններին բավարարելու դեպքում վարկառուն կարող է դիմել մինչև 6 ամիս ժամկետով հիփոթեքային արձակուրդ ստանալու նպատակով՝ կողմերի միջև համաձայնեցված պայմաններով: Արտոնյալ ժամկետի ավարտից հետո վճարումները շարունակվում են կրեդիտավորման պայմանագրով սահմանված նախնական պայմաններով, իսկ հիփոթեքի պայմանագրի ժամկետը կողմերի միջև կնքված համաձայնագրով երկարացվում է արձակուրդի տևողության չափով:
Նախագծի ընդունման դեպքում «Հիփոթեքային արձակուրդից» օգտվելու դեպքում վարկը վարկի դասակարգումը չի փոխվի, տույժեր և տուգանքներ չեն գանձվի, ինչպես նաև դա որևէ կերպ չի արտացոլվի ընթացիկ վարկային զեկույցներում (վարկային պատմություն): Իսկ վարկատուների շահերը կշարունեն մնալ պաշտպանված անշարժ գույքի գրավով, կանխավճարով, ինչպես նաև լրացուցիչ ռեզերվ ստեղծելու անհրաժեշտության բացակայությամբ:
Նախագծում նշվում է նաև, որ կյանքի տարբեր իրավիճակներում հայտնված վարկառուների պարտավորությունների կատարման հետաձգման մեխանիզմներ կիրառվում են զարգացած բանկային համակարգ ունեցող բազմաթիվ երկրներում: Օրինակ, Մեծ Բրիտանիայում բոլոր բանկերի կողմից քաղաքացիների առանձին խմբերի համար նախատեսվում է հիփոթեքային արձակուրդ՝ մինչև 12 ամիս տևողությամբ: Գերմանիայում գործում են վճարումների հետաձգման հատուկ ծրագրեր՝ նախատեսված ժամանակավոր ֆինանսական դժվարություններ ունեցող անձանց համար: Ծրագրերի շահառու դառնալու հստակ պայմանները որոշվում են հաճախորդի և բանկի կողմից համատեղ: Իռլանդիայում դժվարին իրավիճակում (շտապ վերանորոգում, ուսումնառություն, հղիություն, ծննդաբերություն և այլն) հայտնված վարկառուներին հիփոթեքային արձակուրդներ տրամադրվում են բոլոր բանկերի կողմից: Հիմնական գումարի մարումները կարող են հետաձգտվել մինչև 6 ամիս ժամկետով, իսկ տոկոսագումարները՝ մինչև 12 ամիս ժամկետով:
Ֆրանսիայում աշխատանքը կորցրած և այլ դժվարություններ ունեցող վարկառուների համար նախատեսված է վճարումների հետաձգման հնարավորություն ցանկացած տեսակի, այդ թվում՝ հիփոթեքային վարկի դեպքում: Այդ արտոնյալ ժամանակահատվածը կարող է լինել առավելագույնը 24 ամիս: 2019 թվականից հիփոթեքային արձակուրդի տրամադրման վերաբերյալ օրենսդրական փաթեթ է ընդունվել նաև ՌԴ-ում: Արդյունքում օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում վարկառուները հնարավորություն ունեն ստանալու մինչև 6 ամիս ժամկետով արտոնյալ ժամանակահատված:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան