Փորձագետների որոշակի շրջանակ Փաշինյանի ելույթի մեսիջները ճիշտ չի ընկալել. Արմեն Գրիգորյան
Փորձագետների որոշակի շրջանակներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արցախյան ելույթի մեսիջները ճիշտ չեն ընկալել: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Մեկնաբանելով վարչապետի ելույթի այն հատվածը, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Հայաստանը պետք է լինի Արցախում լեգիտիմ ընտրությունների երաշխավորը, ԱԽ քարտուղարը նշեց, որ դա նշանակում է՝ Հայաստանն աջակցելու է Արցախում ազատ, արդար ընտրություններին, և սա է լինելու ամենաառաջնային խնդիրը:
Լրագրողի հարցին՝ ինչ աջակցության մասին է խոսքը, Արմեն Գրիգորյանն ասաց, որ քննարկվել ու այս պահին ընդունման վերջնական փուլում է Արցախում նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը. «Այդ ամբողջ գործընթացին մենք աջակցել ենք, որպեսզի հնարավորինս ժողովրդավարական մեխանիզմներ ներառվեն ընտրական օրենսգրքում, այսինքն՝ լինի մեխանիզմ, որով անցկացվեն ազատ, արդար ընտրություններ Արցախում»։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ որպես արցախցի, ինչպես է պատկերացնում իր մասնակցությունը Արցախում կայանալիք առաջիկա ընտրություններին, հնարավո՞ր է, որ իր թեկնածությունն առաջադրի, Արմեն Գրիգորյանը նշեց, որ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում, և իրավունք չունի մասնակցել ընտրություններին:
Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Արցախի Սահմանադրությունը փոխելու մասին նախաձեռնությանը, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ քաղաքական նպատակներով Սահմանադրությունը չպետք է փոխվի։ Ես ամբողջ կյանքս պայքարել եմ որևիցե քաղաքական նպատակով սահմանադրական փոփոխությունների դեմ և կյանքում քաղաքական նպատակի համար երբևիցե չեմ աջակցի, չեմ նախաձեռնի սահմանադրական փոփոխություններ»։
Լրագրողի դիտարկմանը՝ տեղյա՞կ է, թե ՀՀ սահմանդրությունն ինչ նպատակով է փոխվելու, քանի որ Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ 2020 թ-ին աշխատանքային խումբ է ձևավորվելու, որը զբաղվելու է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ մշակելով, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Արդարադատության համակարգում խնդիրներ կան, որոնք լուծելու համար պահանջվում են Սահմանադրական փոփոխություններ։ Այդ փոփոխությունների նպատակը արդարադատության համակարգում արդյունավետություն և բարձր մակարդակով աշխատանք ապահովելն է»: