Պուտին․ 20 տարի իշխանության
1999 թվականի օգոստոսի 9-ին Վլադիմիր Պուտինը նշանակվեց Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնակատար: Նույն օրը հեռուստատեսային ուղերձում նախագահ Բորիս Ելցինը նրան անվանեց իր իրավահաջորդ: 2000թ․-ի մարտին Պուտինն ընտրվեց ՌԴ նախագահ: Այս մասին գրում է euronews-ը։
Պուտինն իշխանության եկավ չեչենական երկրորդ պատերազմի ժամանակ, երբ վահաբիստները՝ Բասաևի և Խաթաբի հրամանատարության ներքո ներխուժեցին Դաղստան։ Գրոհայինների դիմադրությունը հաջողվեց կոտրել, բայց պատերազմի ավարտը դեռ հեռու էր։ Կովկասում պայթյունավտանգ իրավիճակից բացի, Պուտինի առաջին մանդատի ժամանակահատվածում տեղի ունեցան համառուսաստանյան մասշտաբի բազմաթիվ ողբերգություններ` Կուրսկ, ահաբեկչություն Բեսլանում, այնուհետև Դուբրովկայում։
Միևնույն ժամանակ, Պուտինը պատերազմ սկսեց քաղաքական ճակատում. նա անմիջապես և խստորեն հասկացրեց իր հակառակորդներին, որ երկրում կարող է լինել միայն մեկ տեր:
2000-ականների կեսերը Ռուսաստանում տնտեսական աճի շրջան էր` նավթի և գազի արտահանման եկամուտների շնորհիվ: Բայց միևնույն ժամանակ երկրում առկա բոլոր հաջողություններն անընդհատ կապված էին Պուտինի անվան հետ, որի շուրջ ավելի ու ավելի էր ձևավորվում այլընտրանք չունեցող առաջնորդի աուրան: 2008թ-ին, Սահմանադրության համաձայն, նախագահի երկու անընդմեջ ժամկետից հետո նա հրաժարական տվեց, բայց միայն նրա համար, որ հետագայում կրկին Կրեմլ վերադառնա արդեն ոչ թե 4 տարվա մանդատով, այլ 6։
2012 թ.-ին Ռուսաստանում տնտեսական ցուցանիշները նկատելիորեն նվազեցին, որի վրա իր ազդեցությունն ունեցավ համաշխարհային ճգնաժամը: Այնուամենայնիվ, խիստ տագնապալի միջազգային իրավիճակի ֆոնին՝ հեղաշրջումներ արաբական երկրներում, Սիրիայում քաղաքացիական պատերազմ, Պուտինի քաղաքական վարկանիշը կայուն բարձր էր: Այն հասավ իր գագաթնակետին Ուկրաինայում հեղափոխությունից հետո:
Ռուս ընտրողները ողջունեցին Ղրիմի երկար սպասված վերադարձը: Եվ այն, որ Արևմուտքում Ռուսաստանի գործողություններն անվանում էին ագրեսիա և բռնակցում, միայն ուժեղացնում էր Պուտինի կողմնակիցների այն կարծիքը, որ Կրեմլը տանում է ճիշտ կուրս։
Ճիշտ է, արտաքին քաղաքականության մեջ տեսանելի հաջողություններն ուղեկցվում էին երկրի ներսում տնտեսական իրավիճակի վատթարացմամբ, որը հիմնականում պայմանավորված էր միջազգային պատժամիջոցներով և նավթի գների անկմամբ:
2018թ․-ին Պուտինը, առանց անակնկալների, կրկին հաղթեց նախագահական ընտրություններում և նույնիսկ ռեկորդային բարձր ցուցանիշով:
Վլադիմիր Պուտինի ներկայիս նախագահական մանդատի ժամկետը լրանում է 2024 թվականին: Այդ ժամանակ Կրեմլի ներկայիս տերը կլինի 72 տարեկան:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց