Իտալիայում քաղաքական ճգնաժամը խորանում է
Իտալիայում կառավարության ճգնաժամը խորանում է այն բանից հետո, երբ «Լիգա» կուսակցության առաջնորդ և երկրի փոխվարչապետ Մատեո Սալվինին անցած հինգշաբթի կոչ արեց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին գրում է euronews-ը։
Այս իրավիճակի կապակցությամբ, Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիսաբետտա Կասելատին այսօր նախատեսել է խորհրդարանի վերին պալատում կուսակցական խմբերի ղեկավարների խորհրդաժողով, որտեղ պետք է քննարկվի վարչապետին անվստահություն հայտնելու հարցը:
Մինչդեռ, Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոն, «5 աստղ» շարժման անդամ, որի հետ «Լիգա»-ն տարաձայնություններ ունի, հայտարարել է, որ Սալվինին օրենքով լիազորություն չունի լուծարել խորհրդարանը:
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, որին «Լիգա»-ն անվստահություն է հայտնել, Սալվինիից պահանջում է «հիմնավորումներ» իր գործողությունների համար, որոնք երկրում քաղաքական ճգնաժամի պատճառ են դարձել:
Որպեսզի ընտրողները քվեարկեն հոկտեմբերի վերջին, ապա խորհրդարանի երկու պալատները պետք է լուծարվեն ոչ ուշ, քան օգոստոսի 27-ին: Սա լուրջ անհանգստություն է նաև Իտալիայի նախագահ Մատարելլայի համար, քանի որ նման պայմաններում կառավարությունը գուցե ժամանակ չունենա ընդունելու բյուջեի մասին օրենքը, որը Բրյուսելում սպասում են մինչև հոկտեմբերի 15-ը:
Իր հերթին, նախկին վարչապետ Մատեո Ռենզին դեմ է առաջիկա ամիսներին արտահերթ ընտրություններ անցկացնելուն և առաջարկել է ստեղծել ինստիտուցիոնալ կառավարություն:
Մատեո Սալվինին վստահում է հարցման արդյունքներին, համաձայն որի այժմ նրա «Լիգա» կուսակցությունը վայելում է ընտրողների մեծ աջակցությունը և, նոր ընտրությունների դեպքում կկարողանա ձևավորել աջակողմյան ուժերի նոր կոալիցիա: Ըստ վերլուծաբանների, նման զարգացումը կարող է հանգեցնել Հռոմի և Բրյուսելի միջև էլ ավելի մեծ դիմակայության: