Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում կարգելվի պլաստիկե շշերի վաճառքը
Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանում օգոստոսի 20-ից կարգելվի պլաստիկե շշերի վաճառքը։ Այս մասին հայտնում է Lonely Planet-ը:
Նշվում է, որ պլաստիկե շշերը կփոխարինվեն ապակե շշերով և ալյումինե տարաներով։ Հաճախորդներին կառաջարկվի ձեռք բերել բազմակի օգտագործման հնարավորություն ունեցող տարաններ, որոնցում հնարավոր կլինի ջուր լցնել օդանավակայանի մասնագիտացված կայաններից։
Այդուհանդերձ, ըստ աղբյուրի, արգելքը չի տարածվում գազավորված ըմպելիքների, թեյերի և հյութերի վրա:
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուղևորափոխադրումներից տարեկան առաջանում է մոտ 13 մլն տոննա աղբ: Հրապարակման համաձայն, ամբողջ աշխարհում վերամշակվում է պլաստիկ շշերի ավելի քան 25%-ը։ Պլաստիկը սինթետիկ նյութ է, և տարբեր գնահատականների համաձայն, դրա լրիվ քայքայման համար հարյուրամյակներ են անհրաժեշտ: