Այսօր ՌԴ նախագահ Պուտինը բլից-այց կկատարի Ֆրանսիա
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կժամանի Ֆրանսիա, որտեղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կհանդիպի Միջերկրական ծովի ափին գտնվող նրա ամառային նստավայրում՝ Բրեգանսոնում։ Այս մասին գրում է euronews-ը։
Այցի շրջանակներում նախատեսված է նաև համատեղ մամուլի ասուլիս և աշխատանքային ընթրիք։ Այցը տեղի է ունենալու G7 գագաթնաժողովից մեկ շաբաթ առաջ, որն հյուրընկալում է ֆրանսիական Բիարից քաղաքը: Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովին չի մասնակցի, բայց Փարիզում համոզված են, որ Ռուսաստանը «ունակ է վճռական դեր խաղալ միջազգային ճգնաժամերի լուծման գործում»:
Երկու պետությունների ղեկավարները կքննարկեն այն նույն հարցերը, որոնք գտնվում են արդյունաբերական 7 երկրների ղեկավարների գագաթնաժողովի օրակարգում:
Առաջին հերթին խոսքը վերաբերում է իրանական միջուկային գործարքին: Քննարկվելու է Ուկրաինայի արևելքում իրավիճակը: Ֆրանսիան բազմիցս առաջարկել է առաջիկայում Նորմանդյան ձևաչափով գագաթնաժողով անցկացնել։ Ռուսաստանը սատարում է նրան, բայց կարծում է, որ հանդիպումն անհրաժեշտ է մանրամասնորեն նախապատրաստել ՝ քաղաքականապես կարևոր արդյունքներ ունենալու համար:
Բանակցությունների օրակարգում է նաև Սիրիայում տիրող իրավիճակը: Կողմերը նախատեսում են քննարկել քառակողմ գագաթնաժողովի անցկացումը՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Թուրքիայի և Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ: