Մակրոնը վստահություն է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի նկատմամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ֆրանսիայում բանակցություններից հետո վստահություն է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի նկատմամբ:
Ֆրանսիայի հարավում գտնվող Ֆորտ Բրեգանսոնում՝ Ֆրանսիայի նախագահի ամառային նստավայրում, նախօրեին Պուտինի և Մակրոնի միջև բանակցությունները տևեցին ավելի քան 3,5 ժամ: Հանդիպման հիմնական մասը փակ էր մամուլի համար: Այս մասին գրում է Ria-ն։
«Մենք հավատում ենք մի Եվրոպային, որը տարածվում է Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ», - թվիթերում գրել է Մակրոնը:
Նա նաև ասել է, որ հանդիպման ընթացքում Պուտինի հետ քննարկել էին Սիբիրում տեղի ունեցած հրդեհները և նշել է իր հանձնառությունը՝ միասին աշխատելու կլիմայի փոփոխության դեմ պայքարում:
«Ռուսաստանը ուղղակիորեն բախվում է կլիմայի փոփոխության կործանարար հետևանքների հետ»,-ասել է Մակրոնը։
Երկու երկրների նախագահները քննարկել են նաև իրավիճակը Լիբիայում, Ուկրաինայում և Սիրիայում: