Իրանի հետ համագործակցությունը Հայաստանին օգուտ չի բերի. վերլուծաբան
Իրանի հետ համագործակցությունը ներկա պայմաններում, երբ Իրանը փորձում է սրել Արևմուտքի հետ հակասությունները, իսկ Միացյալ Նահանգներն ավելացնում է ճնշումը Թեհրանի վրա, Հայաստանին որևէ օգուտ չի բերի: «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշել է Մերձավոր Արևելքի քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտի վերլուծաբան Աննա Բորշևսկայան: Նրա խոսքով, եթե նախկինում Միացյալ Նահանգները հաճախ աչք էր փակում այն փաստի վրա, որ Երևանը չնայած Իրանի նկատմամբ ընդունված պատժամիջոցների, շարունակում է համագործակցել Թեհրանի հետ, ապա նախագահ Թրամփի Սպիտակ տունն այս հարցում անզիջելի է։
«Երբ Ջոն Բոլթոնը Հայաստան էր այցելել, նա որոշակի կտրուկ հայտարարություններ արեց, որոնք ազդանշում էին փոփոխություն քաղաքականության մեջ: Նա միանշանակ խոսել է այս հարցում ոչ այդքան հանդուրժող լինելու վերաբերյալ: Չմոռանանք, Իրանը ապակայունացնում է տարածաշրջանը, աջակցում ահաբեկչությանը: Միաժամանակ, Բոլթոնը նշել է, որ փոխարենը Հայաստանին Միացյալ Նահանգները պատրաստ կլինի զենք վաճառել»,-ասել է վերլուծաբանը։
Անդրադառնալով Թեհրանի ու Վաշինգտոնի միջև սրացող հակասություններին, Բորշևսկայան ընդգծել է, որ այնուամենայնիվ բացահայտ պատերազմ չի կանխատեսում։
«Իրանն այսօր փորձարկում է Միացյալ Նահանգների եւ Արևմուտքի նյարդերը: Չեմ կարծում սակայն, որ Թրամփի վարչակազմը պատերազմ է ակնկալում: Բոլոր քայլերը վկայում են, որ Թրամփը նոր գործարքի է նախապատրաստվում»,-ասել է Բորշևսկայան։
Այս շաբաթ հայտնի դարձավ, որ իրանական նավթակիրը հեռացավ Ջիբրալթարից այն բանից հետո, երբ տեղի իշխանությունները հրաժարվեցին բավարարել ԱՄՆ-ի իշխանությունների հարցումը՝ նավթակիրի առգրավման վերաբերյալ:
Թեհրանը հայտարարել է, որ պատրաստվում է ռազմանավեր ուղարկել, որպեսզի ուղեկցի իր նավթակիրը, որն ավելի քան 2 միլիոն բարել նավթ է տեղափոխում, 130 միլիոն դոլար արժողությամբ: Թեհրանում սակայն խուսափում են բացահայտել, թե որտեղ է ուղևորվելու նավթակիրը: Ավելի վաղ նավթակիրը ձերբակալվել էր, քանի որ Ջիբրալթարի իշխանությունները հավատացած էին, որ այն նախապատրաստվում է նավթն առաքել Սիրիա, որն արգելված է Եվրամիության պատժամիջոցներով: Սակայն, նավթակիրն ազատեցին՝ Թեհրանից գրավոր հավաստիացում ստանալուց հետո, որտեղ իրանական կողմը երախավորում էր, որ նավթակիրը Սիրիա չի ուղևորվելու:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին