Դիտորդ. «Արմավիր» ՔԿՀ-ն համակարգին ավելի շատ խնդիրներ ավելացրեց
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հարցն առաջնահերթ կարևորագույն խնդիր է, օր առաջ խնդիրները վերացնելու կարիք ունի ոչ միայն ազատազրկված անձանց առումով, նաև այնտեղ ծառայություն իրականացվող ցանկացած անձի, ովքեր գտնվում են այդ հիմնակում։ «ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ քննարկմանն ասաց ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը։ Նրա խոսքով, այդ ՔԿՀ-ում պայմանները եղել, կան ու մնում են անմարդկային։
««Նուբարաշենում» այս պահին ընթացող վերանորոգման աշխատանքները, հեռանկարում, որ դիտարկվում է փակելը, պետք է օր առաջ կյանքի կոչվի, քանի որ շահագործումը ցանկացած օր հանգեցնում է մի շարք խախտումների»,- ասաց նա։
Հ. Հարությունյանի խոսքով, ոչ վաղ անցյալում կառուցված «Արմավիր» ՔԿՀ-ն չի ծառայել այն նպատակին, որը հետապնդում էր։ Նա նշեց, որ իրենք դիտարկումներ են ներկայացրել, որ նոր կառուցվող կամ վերանորոգվող ՔԿՀ-ների դեպքում պետք է նկատի ունենալ՝ Արմավիրի ՔԿՀ-ի նույն պատկերը չունենալու համար։
«Փոխանակ մի շարք խնդիրներ լուծվեին, «Արմավիր» ՔԿՀ-ն, կարծես թե, համակարգին ավելի շատ խնդիրներ ավելացրեց պայմանների առումով։ Ծախսը, որը կատարվել էր, որպես արդարացում այդքան էլ արդյունավետ չի գնահատվում»,- ասաց նա։
Հ. Հարությունյանը նշեց, որ ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ․ ռազմավարության նախագծով նախատեսված փոփոխությունները, որոնք վերաբերում են դիտորդների խմբի կարգավիճակին, լիազորություններին, իրենց համար ընդունելի կլինեն միայն ավելի ընդգրկուն դառնալու տեսանկյունից։
«Մենք ուրախ կլինենք, որ խոչընդոտների հարցը այս նախագծով լուծում ստանա և մենք կարողանանք ամբողջ ծավալով իրականացնել մեր գործառողությունները»,- ասաց նա։
Նրա խոսքով, ռազմավարության այս պահին ունեցած նախագիծը թույլ է տալիս որոշակի հույս ունենալ, որ ապագայում կունենան ավելի բարելաված համակարգ։
Քննարկմանը ներկա ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանն ասաց, որ ռազմավարությունը գենդերային զգայունության առումով դեռևս թերի է, իբրև առանձին խումբ չեն տեսնում կանանց, առանձին քայլեր ազատազրկված կանանց պատժի կրման իրավիճակի բարելավմանն ուղղված չեն տեսնում։
«ՔԿՀ-ներում բավականին խնդիրների են առնչվում նաև օտարերկրյա քաղաքացիները, կրոնական փոքրամասնությունները։ Այս առումով ցանկալի կլիներ, որպեսզի կոնկրետ գործողություններ և քայլեր նախատեսվեին նաև այս խմբի համար»,-նշեց նա։
ՄԻՊ աշխատակազմից Վահե Հարությունյանն ասաց, որ ռազմավարության նախագծով շատ կարևորում են մարդու իրավունքների ապահովման ուղղված միջոցառումների ամրագրումը։
«ՔԿՀ-ում շարունակում է լրջագույն խնդիր մնալ բժշկական ծառայությունները, բժշկական օգնությունը»,- նշեց Վ. Հարությունյանը։
Նա ասաց, որ ռազմավարության մեջ կարևոր էր ամրագրելը ՔԿՀ ոլորոտում կոռուպցիայի դեմ պայքարը որպես միջոցառում։
«Կարևոր է, որ կոռուպցիայի դեմ պայքարը իրականացվի քրեակատարողական ծառայողների սոցիալական վիճակի բարելավմամբ՝ սոցիալական երաշխիքների նախատեսմամբ, աշխատավարձերի բարձրացմամբ, աշխատանքային բավարար պայմանների ապահովմամբ, քանի որ առանց այդ հարցերի լուծման հնարավոր չէ մտածել կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Միայն օրենսդրական ամարագրումը բավարար չէ»,- ասաց Վ. Հարությունյանը։
Քննարկմանը նշվեց, որ այս ռազմավարության շրջանակում հեռախոսների օգտագործման օրինականացման, իրավաչափ պայմանների սահմանման հետ կապված նշումներ առկա չեն, այսինքն ՔԿՀ-ում հեռախոսների օգտագործման թույլտվություն չի նախատեսվում այս ռազմավարությամբ։