Փաշինյանի քեռու տղային դատարանը տուգանել է՝ վերադաստիարակման համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քեռու տղայի նկատմամբ հարուցված քրեական գործով դատարանը նրան մեղավոր է ճանաչել ու տուգանել 200 հազար դրամով։
«Վերլուծելով գործի նյութերը, հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսդրության վերը նշված պահանջներն ու Մամիկոն Հովհաննիսյանի անձը բնութագրող հանգամանքները` դատարանը գտավ, որ ամբաստանյալի նկատմամբ պետք է պատիժ նշանակել տուգանքի ձևով, որը բավարար կլինի նրա ուղղման ու վերադաստիարակման համար»,- ասված է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Զաքինյանի որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Մ. Հովհաննիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցվել էր Նիկոլ Փաշինյանի ցուցումով։
Այս տարվա ապրիլին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով»։
Դատաքննությունն իրականացվել է արագացած կարգով, Հովհաննիսյանն ընդունել է մեղքը։ Հիշեցնենք, որ Փաշինյանի մերձավորը աշխատանքի անցնելու համար կեղծ դիպլոմ էր ներկայացրել։
«Բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության ինժեներ /մեխանիկ/ Մամիկոն Հովհաննիսյանը, 2019թ. փետրվար ամսին, օգտագործելով և կադրերի բաժին ներկայացնելով իրավաբանական փաստ հաստատող, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթի «Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993 թվականին ՙգյուղատնտեսության մեքենայացում՚ մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին YB-I N086907 համարի կեղծված դիպլոմի պատճեն, նույն թվականի փետրվարի 22-ի հրամանով նշանակվել է հիշյալ կազմակերպությունում պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում»,-նշված է գործի նյութերում։
Դատարանը գտել է, որ իրեղեն ապացույց ճանաչված ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող դիպլոմի պատճենը և ապացույց ճանաչված փաստաթղթերը պահպանել գործում` դրանց պահպանության ողջ ժամանակահատվածում:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան Սիրիայի սահմանին լրացուցիչ տանկեր և զրահամեքենաներ է կուտակում
- Փաշինյանի քեռու տղայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
- Փաշինյանի քեռու տղայի դեմ հարուցված քրեական գործը հասավ քննչական կոմիտե